ԱՄՀ-ն Ադրբեջանում ռեկորդային ինֆլյացիա է կանխատեսում
Ադրբեջանի արժույթի դևալվացիան ուժեղացրել է ինֆլյացիոն ճնշումը երկրում: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հրապարակած զեկույցում:
Հիմնադրամը նշում է, որ կանխատեսումների համաձայն՝ ինֆլյացիան Ադրբեջանում այս տարի 15 տարում առաջին անգամ կհասնի երկնիշ թվի:
Հիմնադրամի վերլուծաբաններն ընդգծում են, որ Ադրբեջանին անհրաժեշտ է լուծել խնդիրները, որոնք առկա են բանկային ոլորտում, հատկապես բարձր դոլարիզացիայի խնդիրը:
Զեկույցի հեղինակներն Ադրբեջանի Կենտրոնական բանկին խորհուրդ են տալիս բանկային համակարգին փոխանցել օտարերկրյա արժույթով ակտիվները:
«2016 թվականին Ադրբեջանի կառավարությունը զգալիորեն կրճատել է հասարակական ենթակառուցվածքների ծախսերը: Միևնույն ժամանակ, որպեսզի մասնակի փոխհատուցի դևալվացիայի բացասական ազդեցությունը բնակչության անապահով խավերի իրական եկամուտների վրա, բարձրացվել են կենսաթոշակները»,- ասվում է զեկույցում: