Կրկին չխաբվել
«Պոպովի հարցազրույցի բովանդակությունը հասկանալու համար պետք է դիտարկել, թե երբ Պոպովը որոշեց խոսել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս Գերմանիայում էր, որտեղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի շարք հետաքրքրական հայտարարություններով հանդես եկավ։ Իլհամ Ալիևն իր ասուլիսի ընթացքում մեծ դերակատարություն հատկացրեց ՌԴ-ին՝ հակամարտության կարգավորման գործընթացում, նույնն արեց Մերկելը՝ պնդելով, որ Ռուսաստանը գլխավոր դերակատարություն ունի կարգավորման գործընթացում։ Ալիևն ամեն կերպ փորձում է շրջանցել վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցը, դա պարզ երևում է։
Հիմա հույսեր է կապում Ռուսաստանի հետ, Ռուսաստանն էլ իր հերթին՝ այդքան հետաքրքրված չէ այդ մեխանիզմների ներդրման հարցով։ Ադրբեջանն իր կուրսն է տանում, Հայաստանը պետք է փորձի չխաբվել կրկին անգամ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուս համանախագահ Իգոր Պոպովի հարցազրույցին։
Իր հերթին՝ ռուս ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին նշել է, որ Ռուսաստանը փորձելու է պահպանել իր մենաշնորհային դիրքը Ղարաբաղում և չի պատրաստվում այն զիջել։ Ու բոլոր ներկայիս քայլերն ու հայտարարությունները, Պիոնտկովսկու որակմամբ՝ ուղղված են դրան։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: