Բաժիններ՝

«Եթե կարծում եք՝ Ձեր առաքելությունը միայն նրա մեջ է, որ Երվանդ Զախարյանից ավելի հմտորեն մոլորության մեջ կգցեք հանրությանը, ապա պետք է հիասթափեցնեմ Ձեզ». Լևոն Զուրաբյան

Այս տարի մարտին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հրամանով աշխատանքային խումբ էր ստեղծվել, որը պետք է ուսումնասիրեր «Նաիրիտ» գործարանի վիճակն ու հետագա աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ ներկայացներ: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ձեռնարկության գրեթե ողջ անձնակազմն այս տարի հուլիսի 1-ից աշխատանքից ազատվելու վերաբերյալ ծանուցում է ստացել, գործարանում կատարվել է ամբողջ գույքի գույքագրում:

Նա հարցրեց, թե ի՞նչ է եզրակացրել աշխատանքային խումբը, ի՞նչ նպատակով է կատարվել գույքագրումը, արդյոք աշխատակազմին աշխատանքից ազատվելու ծանուցումներ ուղարկելը նշանակո՞ւմ է, որ դադարեցվում է գործարանի աշխատանքը, ի՞նչ արդյունքներ կան ռուսական կողմի հետ բանակցություններում, կա՞ արդյոք վերագործարկման որևէ ծրագիր: Լ.Յոլյանը պատասխանեց, որ աշխատանքային խմբի բոլոր անդամներին, այդ թվում՝ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանին, լիազորություն է տրվել հանդես գալ նախարարության և կոնկրետ իր անունից` բանակցություններ վարելով բոլոր հնարավոր ներդրողների հետ:

Ըստ նրա` «Նաիրիտն» այն արտադրությունն է, որով քիչ թվով շահագրգիռ կազմակերպություններ են հետաքրքրված, և ոչ մեկի կողմից ոչ մի առաջարկություն գործարանի հետագա վերագործարկման առիթով չի բարձրացվել: Նախարարը հերքեց, որ ամբողջ գույքի գույքագրում է կատարվել, և նշեց, որ «Նաիրիտում» կան բազմաթիվ պայթյունավտանգ նյութեր, այդ քիմիկատներն են ուսումնասիրվել, և ԱԻՆ նախարարի հետ համապատասխան պայմանավորվածություն կա դրանց վնասազերծման մասին: ««Նաիրիտի» աշխատանքները դադարեցվել են դեռևս 2010 թ. մարտից, և մինչ օրս կաուչուկի արտադրություն այդ ձեռնարկությունում գոյություն չունի:

«Նաիրիտի» պահպանության խնդիրները պետք է իրականացնեն համապատասխան լիազորություն և փորձառություն ունեցող կազմակերպությունները: Նույնպես ԱԻՆ նախարարի հետ տարվում են աշխատանքներ «Նաիրիտի» պահպանման աշխատանքներ կազմակերպելու համար»,- ասաց Լ.Յոլյանը: Լ.Զուրաբյանը հակադարձեց, որ տպավորություն է, որ նախարարը թաքցնում է ճշմարտությունը և ունի գործարանը փակելու հանձնարարություն, բայց փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը: Ըստ նրա` Կարեն Իսրայելյանին աշխատանքային խմբում ընդգրկելը կրել է ձևական բնույթ, նրան չեն հրավիրել հանդիպումներին: Պատգամավորը պնդեց, որ գործարանում կատարվում է ամբողջ գուքի գույքագրում. և ոչ թե՝ միայն պայթյունավտանգ նյութերի, և դրանց մի մասը տրվելու է Երևան ՋԷԿ-ին, մյուսը` «Նաիրիտ 2»-ին: «Եթե Դուք կարծում եք, որ Ձեր առաքելությունը միայն նրա մեջ է, որ Երվանդ Զախարյանից ավելի հմտորեն մոլորության մեջ կգցեք հանրությանը, ապա պետք է հիասթափեցնեմ Ձեզ, հանրությունը շատ լավ ամեն ինչ հասկանում է»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Նախարարը կրկնեց, որ աշխատանքային խմբում ներգրավել են բոլոր ուժերին, որոնք կարող էին առաջարկություններ ներկայացնել: Նա նշեց, որ «Նաիրիտը» 1940 թվականից աշխատել է մինչև 88թ., արտադրել է 59-80 հազար տոննա կաուչուկ, հետո Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց դադարեցնել աշխատանքը, 94 թ.-ից հետո մաքսիմալ արատադրանքը եղել է 8000 տոննա` 2007 թ.-ին:

Լ.Յոլյանի խոսքով` ինքնածախսածածկման համար «Նաիրիտը» պետք է նվազագույնը 10-12 հազար տոննա արտադրի, որպեսզի գործունեությունն արդարացված լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս