Սերժ Սարգսյանը շնորհակալ է Զեմանին՝ ԼՂ հարցով հանդիպումը Չեխիայում հյուրընկալելու առաջարկի համար

Հայաստանը շնորհակալ է Չեխիային Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության ընդհանուր դիրքորոշմանը համահունչ դիրքորոշման և Մինսկի խմբի համանախագահների ջանքերին լիակատար աջակցության համար: Այս մասին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դրա համար ես շնորհակալությունն եմ հայտնել նախագահ Զեմանին և Չեխիայի կառավարությանը: Մենք երկուստեք կարևորել ենք Վիեննայի պայմանավորվածությունների՝ ներառյալ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի իրականացումը, մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը՝ որպես հակամարտության գոտում տևական կայունության հաստատման կարևոր գրավական»,-  նշեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ այդ քայլերի անշեղ իրագործումն այն նվազագույն շեմն է, որը թույլ կտա ճանապարհ հարթել դեպի կառուցողական և որ ամենակարևորն է՝ արդյունքի միտված բանակցություններ: «Իհարկե, պարոն Զեմանին տեղեկացրեցի նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին: Եվ ես նրան շնորհակալություն եմ հայտնել նրա համար, որ նա մեզ առաջարկեց այս հանդիպումների համար օգտագործել Չեխիայի Հանրապետության հնարավորությունները»,- ասաց Ս. Սարգսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս