Գերմանիան, ընդունելով իր մեղսակցությունը ցեղասպանությանը, այժմ պետք է հատուցում վճարի հայ ժողովրդին
Չնայած «սուլթան» Էրդողանի վիրավորանքներին և սպառնալիքներին՝ Գերմանիայի խորհրդարանն անցյալ շաբաթ համարձակորեն առաջ գնաց և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դրան ի պատասխան՝ Թուրքիան անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Բեռլինից:
Բունդեսթագի պատմական բանաձևը, որն ընդունվեց գրեթե միաձայնորեն (ընդամենը 1 դեմ և 1 ձեռնպահ), կրում է հետևյալ խորագիրը. «Ի հիշատակ և ոգեկոչում Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության»: Ըստ ARD հեռուստատեսության՝ Գերմանիայի բնակչության 74 տոկոսը համաձայն է, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրագործվել: Ըստ «Շպիգել» ամսագրի մեջբերած մեկ այլ հետազոտության՝ Գերմանիայի հասարակության 91 տոկոսը չի վստահում Էրդողանին…
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, զայրացած Էրդողանի հաճախակի շանտաժներից, որոշեց Թուրքիայի մեծամոլ բռնակալին իր տեղը դնել, մինչդեռ նախագահ Օբաման քաջություն չունեցավ նույնը անելու… Գերմանիայի ղեկավարությունն ստիպված էր դիմակայել ոչ միայն թուրքական վարչակարգի հարձակումները, այլ նաև Գերմանիայում ապրող երեք միլիոն թուրքերից շատերի սուր քննադատությունը:
Խորհրդարանի որոշումից հետո Էրդողանը հոխորտաց. «Մենք մեր անցյալից ամաչելու պատճառ չունենք, սակայն «Հայոց ցեղասպանության» համար Թուրքիային հաճախ մեղադրող երկրների վրա միլիոնավոր անմեղ մարդկանց արյուն կա»: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը նույնքան լկտիաբար ասաց գերմանացիներին. «Առաջինը դուք այրեցիք հրեաներին վառարաններում, իսկ հիմա եկել ու թուրք ժողովրդին եք մեղադրում ցեղասպանության մեջ»: Էրդողանին և Բոզդաղին պետք է հիշեցնել, որ Գերմանիան, ի տարբերություն Թուրքիայի, վաղուց ընդունել է նացիստական ժամանակաշրջանի հանցագործությունները, ներողություն խնդրել Հոլոքոստի համար և վճարել միլիարդավոր դոլարների փոխհատուցում:
Մնում է տեսնել, թե պոռոտախոս թուրք ղեկավարները կհամարձակվեն արդյոք պատժիչ գործողություններ ձեռնարկել Գերմանիայի դեմ, բացի իրենց դեսպանի սովորական հետկանչից, ինչպես ամեն անգամ անում են, երբ որևէ կառավարություն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Եթե Էրդողանը որոշի ավելի առաջ գնալ դատարկ սպառնալիքների շրջանակներից, ապա նման քայլերը բացասական հակազդեցություն կունենան հենց Թուրքիայի վրա, քանի որ Գերմանիան նրա խոշորագույն առևտրային գործընկերն է: Թուրքիայի տնտեսությունն արդեն իսկ լուրջ դժվարություններ ունի այն բանից հետո, երբ Ռուսաստանն արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը և անցանկալի համարեց իր քաղաքացիների այցը Թուրքիա որպես զբոսաշրջիկ՝ նախորդ տարի Սիրիայի սահմանի մոտ թուրքական զինվորականների կողմից ռուսական ուղղաթիռի խոցման պատճառով:
Թուրք ղեկավարներն արդեն վնասել են իրենց երկրի շահերը՝ սադրիչ և սկանդալային հայտարարություններ անելով, որոնք նպաստում են Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հրապարակայնացմանը ամբողջ աշխարհում: Հազարավոր թերթեր, կայքեր, ռադիո և հեռուստակայաններ անդրադարձան գերմանական որոշմանը և թուրքական պոռթկումներին: Հատկանշական է, որ միջազգային լրատվամիջոցները հատուկ ուշադրություն էին դարձնում Գերմանիայի խորհրդարականների խոստովանությանը, որ իրենց երկիրն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լինելով Թուրքիայի ռազմական դաշնակիցը, մեղսակից է Հայոց ցեղասպանությանը:
Աշխարհի ամենահեղինակավոր թերթերից երկուսը՝ «Նյու Յորք թայմս»-ը և «Լոնդոն Թայմս»-ը, հունիսի 3-ին հզոր խմբագրականներ հրապարակեցին՝ վերահաստատելով Հայոց ցեղասպանության փաստերը, աջակցելով Գերմանիայի խորհրդարանի որոշմանը և կոչ անելով Թուրքիային առերեսվել իր անցյալի մութ էջերին:
«Նյու Յորք թայմս»-ն իր «Այո, դա Ցեղասպանություն է» վերտառությամբ խմբագրականում գրել է. «Դա ցեղասպանություն էր, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը…. Պատմական հաշվեհարդարի համար հայերի պահանջը լիովին արդարացված է…. Նախագահ Օբաման, որը 2008 թ. թեկնածու եղած ժամանակ խոստացավ ճանաչել 1915 թ. իրադարձությունները որպես ցեղասպանություն, չկատարեց իր խոստումը…. Գերմանացիները, որոնք հիանալի կերպով դիմակայեցին իրենց սեփական պատմության սարսափելի ցեղասպանությունը, ճիշտ քայլ կատարեցին՝ արհամարհելով Էրդողանի սպառնալիքները»:
«Լոնդոն Թայմս»-ի խմբագրականը՝ «Ցեղասպանության ժխտում. հայերի զանգվածային ջարդը պետք է ճանաչվի Թուրքիայի կողմից», նույնքան ազդեցիկ էր. «Գերմանական բանաձևը ճիշտ է ոչ միայն իր ուղերձով, այլև դիվանագիտության մեջ: Թուրքական զայրույթը պարբերաբար ուղղվում է բոլոր դաշնակից երկրների դեմ, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Այդ արձագանքը անարժան և հակապատմականից ավելի վատն է. այդ անասելի չափերի տառապանքի ժխտումը մինչ օրս թունավորում է Եվրոպայի քաղաքականությունը և պետք է վիճարկվի: Հայերի ջարդը, ինչպես թուրք ժխտողականններն են պնդում, պատերազմի ժամանակ տեղի ունեցած չնախատեսված, սակայն անխուսափելի ողբերգություն չէր: Այն օսմանյան վարչակարգի կողմից կազմակերպված տեղահանման և զանգվածային սպանդի հատուկ ծրագիր էր…. Ժամանակակից Գերմանիան և նրա պետական այրերը բազմիցս արտահայտել են իրենց ժողովրդի զղջումը անցյալ դարի ցեղասպանական բարբարոսության համար: Վաղուց ժամանակն է, որ Թուրքիան նույնն անի»:
Գերմանիան, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ընդունելով իր պատասխանատվությունն ու մեղսակցությունը, այժմ պետք է համապատասխան հատուցում վճարի հայ ժողովրդին՝ դրանով իսկ արժանի օրինակ ծառայելով Թուրքիայի համար, ոչ միայն ճանաչման, այլ նաև հատուցման գործում…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի