«Վերադարձի նպատակները կարող են տարբեր լինել…». Արտակ Զաքարյանը՝ Սամվել Բաբայանի վերադարձի մասին
«Կարծում եմ՝ դա քրեական ուսումնասիրությունների տիրույթի խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ խոսելով ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանի դեպքի մասին:
Ըստ նրա՝ միայն համապատասխան ուսումնասիրություններից հետո ճիշտ կլինի մեկնաբանություններ անել. «Այժմ ես զերծ կմնամ մեկնաբանելուց: Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, դա ներքաղաքական գործընթացների մաս կարելի է համարել»:
Մեր այն հարցին, թե Արցախի հերոս Սամվել Բաբայանի ներուժն ինչպե՞ս կարող են օգտագործել Արցախում, Ա. Զաքարյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ ուզում գնահատականներ տալ, որովհետև դեռևս քաղաքական գործոն՝ որպես այդպիսին, չեմ տեսնում: Ցանկացած հայի վերադարձ հայրենիք ինքնին ողջունելի է, բայց վերադարձի նպատակները կարող են տարբեր լինել, կարծում եմ՝ առայժմ վաղ է որևէ մեկնաբանություններ անել այդ առումով»:
Մենք նաև հետաքրքրվեցինք՝ ըստ Ա. Զաքարյանի՝ հնարավո՞ր է Ս. Բաբայանին առաջիկայում տեսնել Արցախի ՊԲ-ում՝ հաշվի առնելով, որ օրերս Արցախի մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էր անում՝ պահանջելով նրան նշանակել ՊԲ նախարար: Ի պատասխան՝ Ա. Զաքարյանն ասաց, որ կարծում է՝ «ժողովուրդ» հասկացությունը շատ ենք «ուռճացնում և չարաշահում». «Ժողովուրդն իր համար իր հայրենիքն է պաշտպանում, մենք անընդհատ ժողովրդին մեջբերելով՝ ուզում ենք նման իրավիճակներ ձևավորել, ես չեմ կարծում, որ դա ժողովրդական պահանջի մաս է: Այդ խնդիրը թող թողնենք Ղարաբաղի իշխանություններին»: