«Ալիևի ընտանիքը մանաթի արժեզրկումից միլիոնավոր դոլարներ է աշխատել». OCCRP

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնը (OCCRP) պնդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը 2015 թվականին մանաթի արժեզրկումից տասնյակ միլիոնավոր դոլարներ է աշխատել: Այս մասին հայտնում է BBC-ն:

OCCRP-ի հրապարակման մեջ ասվում է, որ Իլհամ Ալիևի ընտանիքը, ինչպես նաև նրանց մտերիմ գործարարը ստացել են նվազագույնը 64 միլիոն դոլարի շահույթ պետական գործարքներից, որոնք իրականացվել են 2015 թվականին՝ մանաթի արժեզրկումից մի քանի օր կամ շաբաթ առաջ:

2015 թվականի փետրվարին Ադրբեջանի Կենտրոնական բանկն ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկել է մոտ մեկ երրորդով, իսկ 2015 թվականի դեկտեմբերին այն անցել է լողացող փոխարժեքի, ինչի հետևանքով մանաթը 1 օրում արժեզրկվել է ևս 50 տոկոսով: OCCRP-ն գրում է, որ առաջին արժեզրկումից մի քանի օր առաջ Ալիևը, ինչպես նաև ԿԲ-ի ներկայացուցիչները բնակչությանը վստահեցնում էին, որ մանաթի փոխարժեքը կայուն է մնալու:

Հետաքննող լրագրողները հարց են տալիս, թե կարո՞ղ էր արդյոք Ալիևն իմանալ կայանալիք արժեզրկման մասին ու կարո՞ղ էր արդյոք այդ մասին հայտնել իր ազգականներին կամ բիզնես-գործընկերոջը, որպեսզի նրանք պաշտպանեին իրենց ակտիվներն ու անգամ գումար վաստակեին ճգնաժամի պայմաններում:

Լրագրողների ուշադրությունը գրավել են գործարքները, որոնք կատարվել են երեք բանկի՝ Caspian Development Bank-ի, AtaBank-ի և Pasha Bank-ի միջոցով: Այդ բանկերի սեփականատերը, ըստ OCCRP-ի, Իլհամ Ալիևի ընտանիքի հետ մտերիմ գործարար Աշրաֆ Քամիլովը/կամ հենց Ալիևների ընտանիքն է:

Caspian Development Bank-ն ու AtaBank-ը կապված են Synergy Group կոնգլոմերատի հետ, որի 99%-ը պատկանում է Քամիլովին, Pasha Ban-ը վերահսկվում է Ադրբեջանի նախագահի դուստրերի կողմից:

OCCRP-ի տեղեկություններով՝ 2015 թվականի հունվարի վերջին Caspian Development Bank-ը, որը մինչ այդ անցել էր Synergy Group-ին, Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությանը տրամադրել է 52 միլիոն դոլարի փոխառություն: Այն տրամադրվել է հինգ տարով՝ տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով: OCCRP-ն պնդում է, որ վարկի տրամադրման նման պայմանները հարցեր են առաջացնում: Օրինակ՝ փոխառության գումարը գերազանցել է բանկի կանոնադրական կապիտալի 80 տոկոսը, ինչը OCCRP-ն անվանում է՝ «Ադրբեջանի բանկային նորմատիվների ապշեցուցիչ խախտում»: Միայն այդ գործարքը, շնորհիվ մանաթի արժեզրկման, Caspian Development Bank-ին 13 միլիոն մանաթի (12,5 միլիոն դոլար) շահույթ է բերել: Իսկ այն բանից հետո, երբ 2015 թվականի վերջին մանաթն արժեզրկվեց 1 տարում արդեն երկրորդ անգամ, վարկից ստացված շահույթն աճեց՝ հասնելով 39,2 միլիոն մանաթի (25,4 միլիոն դոլարի):

Ըստ OCCRP-ի՝ մեկ այլ կասկածելի գործարք է տեղի ունեցել մանաթի արժեզրկումից մի քանի օր առաջ: Synergy Group-ի մեջ մտնող AAC LLC ընկերությունը, որը զբաղվում է շինարարական նյութերի արտադրությամբ, վերադարձրել է 60 միլիոն մանաթ (76,5 մլն դոլար), որ պարտք էր AtaBank-ին, ու միանգամից բանկից վերցրել է դոլարային պարտք՝ ավելի մեծ գումարի չափով:

AtaBank-ի սեփականատերերը 2014թ. վերջին Քամիլովն ու Իլհամ Ալիևն էին: Գործարքը մանաթի արժեզրկումից հետո AAC-ին բերեց մոտ 20 միլիոն մանաթ (19,3 մլն դոլար): Իր հերթին՝ AtaBank-ն իր հաշվին այդ սխեմայից վաստակել է 61 մլն մանաթ, պնդում է OCCRP-ն:

Ինչպես նշում է OCCRP-ը, Ադրբեջանի ողջ բանկային համակարգը մանաթի արժեզրկումից ու փոխարժեքի լողացող կուրսից կորցրել է «ավելի քան 1 մլրդ դոլար»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս