«ԼՂՀ հակամարտությունը բանակցությունների ճանապարհով չի լուծվելու». Արման Նավասարդյան

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասյօրվա ասուլիսին անդրադառնալով Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանը՝ ընդգծեց՝ կարևոր է, որ քննարկումների սեղանին փաստաթուղթ լինի:

«Ադրբեջանը հարց է բարձրացնում տարածքները վերադարձնելու մասին: Անշուշտ, կոմպրոմիսային քայլ պետք է արվի, բայց մի բան ակնհայտ է` քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի ստատուս-քվոյի հարցը, որևէ փոխզիջման չպետք է գնալ, որովհետև դա կարող է ունենալ անշրջելի հետևանքներ: Ստեփանակերտը կարող է պարզապես հարվածի տակ դրվել: Բացի այդ, ուշադրության կենտրոնում պետք է պահել 1994-95 թվականների հրադադարի պայմանագրերը: ԼՂՀ հակամարտությունը բանակցությունների ճանապարհով չի լուծվելու: Սակայն զուտ հայրենասիրական կարգախոսներով ևս հարցի լուծման չենք հասնելու»,- նշեց նա:

Դեսպանի խոսքով՝ պետք է ապահովել Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, ինչի մասին, ըստ նրա՝ խոսվում է, բայց դեռ չենք տեսնում. «Բոլոր դեպքերում, հրադադարը կարծես թե ստացվել է: Ամեն ինչ պետք է անենք այս դադարն օգտագործելու ու ռազմական, տնտեսական խնդիրները լուծելու, շտկելու համար»:

168.am-ի հարցին՝ ի՞նչ կարծիք ունի ՀՕՊ պայմանագրի մասին, որով, ըստ էության, Հայաստանը կկորցնի նաև օդային անկախությունը, դեսպանը պատասխանեց. «Եթե մեր երկինքը պետք է բաց լինի, ու մեզ ռմբակոծեն, դա՞ է լավ, թե՞ երկինքը ռուսները փակեն ու մեզ չռմբակոծեն: Ես ոչ Ռուսաստանին եմ պաշտպանում, ոչ էլ՝ հակառակը: Պետք է մենք կարողանանք խելոք լինել»:

Կարդացեք նաև

Հարցի պատասխանից անցում կատարելով միանգամից հայ-իրանական հարաբերություններին՝ նա նշեց, որ վիզաների վերացումը երկու կողմ ունի. «Եթե ճանապարհ չբացենք թմրանյութերի ու այլ վնասակար երևույթների համար, ամեն ինչ լավ կաշխատի: Իրանի դրական վերաբերմունքը մեր հանդեպ ողջունելի է, ու մենք կարող ենք տարանցիկ երկիր դառնալ»:

168-ի հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալը, երբ Իրանը, Ադրբեջանը և Վրաստանն արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել տրանսպորտային նոր երթուղու շուրջ, դեսպանն այսպես պատասխանեց. «Բարեբախտաբար, Իրանն այն պետությունն է, այնքան ռեզերվներ ու հնարավորություններ ունի, որ պատրաստ է մեկ լրացուցիչ ճանապարհ էլ ստեղծել: Նա կգնա դրան»:

Տեսանյութեր

Լրահոս