«Տեսանելի ապագայում Թուրքիան կործանվելու է». Արման Նավասարդյան

«Չնայած՝ տարբեր մեկնաբանություններ կան Հայաստանում, որ Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զուտ էգոցենտրիկ և քաղաքական որոշում էր, Գերմանիան իր շահերից ելնելով դա արեց, այնուամենայնիվ, փաստաթուղթը միջազգային իրավունքի առումով շատ կարևոր երևույթ էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Չի կարելի չգնահատել այն կարևոր մարդկային բովանդակությունը, որ իր մեջ կրում է այդ քայլը: Սա մեծ ազգի մեծ որոշում էր և կապված էր ոչ միայն՝ 100 տարի առաջ Թուրքիայի վարած քաղաքականության հետ, այլև՝ ինքնաքննադատություն ու մեղայական էր: Եվ դա սպասելի էր: Վերջին շրջանում մեր դիվանագիտական վրիպումների ֆոնին սա շատ լավ քայլ էր Գերմանիայի կողմից»,- նշեց նա՝ հավելելով, որ մեր դիվանագիտությունը որոշակի քայլեր պետք է կատարի. Առաջին հերթին՝ ԱԳՆ-ն պետք է իներցիայի ուժով շարունակի ճանաչման գործընթացը և ջանքեր գործադրի նաև Մեծ Բրիտանիայում, որտեղ մենք ունենք շատ լավ դեսպան՝ Արմեն Սարգսյանը. «Պետք է Եվրոպայի ուշադրությունը հրավիրել Հարավային Կովկասի վրա ու ասել՝ տեսեք, դուք Թուրքիայի արարքը դատապարտեցիք, բայց Թուրքիայից պակաս ստոր քաղաքականություն չի վարում նաև Ադրբեջանը: Ադրբեջանը, փաստորեն, փորձում է կատարել երկրորդ ցեղասպանությունը: Սա մենք կարող ենք օգտագործել ու Եվրամիությանը նպատակամղել՝ լուծել Ղարաբաղի հարցը՝ ելնելով արդարության ու միջազգային իրավունքի սկզբունքներից»:

Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, անգլիական պառլամենտը ևս մոտ ժամանակներում կճանաչի Հայեց ցեղասպանությունը. «Բացի այդ, պետք է դրդել Ֆրանսիային ընդունել քրեականացման բաղադրիչը, որից նա ժամանակին հրաժարվեց: Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանը պետք է բարձրացնի նաև փոխհատուցման հարցը: Բոլոր գործընթացները փաստում են՝ տեսանելի ապագայում Թուրքիան կործանվելու է»:

Ըստ դեսպանի՝ Գերմանիան այդ քայլին գնաց, որովհետև դանակը հասել էր ոսկորին. «Գերմանիան հոգնել էր Էրդողանի լկտի քաղաքականությունից՝ մասնավորապես, փախստականների հարցում: Մերկելն իր հերթինը՝ վերջին շրջանում անցել էր կարմիր գիծը և ստիպված գնաց այդ քայլին՝ կասեցնելու համար Էրդողանի վայրիվերումները»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս