![](/banners/BeFunky-design.jpg)
«Թատրոնը հիասքանչ է, ամեն ինչ համապատասխանում է միջազգային չափանիշներին». Կոնստանտին Օրբելյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/Konstantin-Garii-Orbelyan.jpeg)
Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը թատրոնի արտիստներին ներկայացրել է իր երաժիշտ ընկերների հետ, ովքեր ևս նոր են ժամանել Հայաստան:
Գեղարվեստական ղեկավար նշանակվելը նաև համընկավ Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի հետ, որին Օրբելյանը մասնակցում է որպես ժյուրիի անդամ: Մաեստրոն նշեց, որ շատ ոգևորված ու տպավորված է:
«Թատրոնը հիասքանչ է, ամեն ինչ համապատասխանում է միջազգային չափանիշներին: Շուտով կորոշվի նաև, թե ինչ նոր բեմադրություններ են լինելու»,- ասաց Կոնստանտին Օրբելյանը՝ ավելացնելով, որ զբաղվածությունն ու հեռանկարները մարդու համար ամենակարևորն են:
Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն օպերայի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերն ասաց, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Նրա խոսքով՝ այցելությունը անչափ հաճելի է և հետաքրքիր, մարդիկ շատ հյուրընկալ են: Երաժիշտը նաև նշեց, որ շատ տպավորված է Օպերայի և բալետի թատրոնով: Նա արդեն լսել է հայ տաղանդավոր երաժիշտներին և մասնակցել միջազգային մրցույթի բացման արարողությանը: