Ղազախստանի Ակտոբե քաղաքում սպանվել է 13 զինյալ
Ղազախստանի Ակտոբե քաղաքում անցկացված հատուկ օպերացիայի ընթացքում սպանվել է 13 ենթադրյալ հանցագործ, հայտնել է Ղազախստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Ալմաս Սադուբաևը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նա հավելել է, որ հարձակվողներից 4-ն ստացել է վնասվածքներ, 7-ը գտնվում է հետախուզման մեջ: Եվս 8 մարդ ձերբակալվել է հարձակմանն առնչություն ունենալու կասկածանքով:
«Ակտոբե քաղաքում և հանրապետությունում իրավիճակը կայուն է ու գտնվում է վերահսկողության ներքո: Երկրի ներքին գործերի մարմինների ողջ անձնակազմը շարունակում է ծառայությունը ուժեղացված ռեժիմով»,- ասել է Սադուբաևը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը մի խումբ անհայտ անձինք, որոնց երկրի իշխանությունները համարում են կրոնական արմատականներ, հարձակումներ էին գործել զենքի երկու խանութի և Ակտոբեի զորամասի վրա:
Վերջին տվյալների համաձայն՝ հարձակվողները սպանել են 6 և վիրավորել 38 մարդու, որոնցից մեծ մասը զինծառայողներ են:
Իշխանությունները հարձակումը բնորոշել են որպես ահաբեկչություն, իսկ քաղաքում հայտարարվել էր ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն՝ «կարմիր» մակարդակ:
Ղազախստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ բոլոր ենթադրյալ հանցագործների ինքնությունը պարզվել է, սակայն անուններ չեն հրապարակվել: