Քանիե Ուեսթի համերգը չեղարկել են երկրպագուների անկարգությունների պատճառով
Ռեփեր Քանիե Ուեսթի հազարավոր երկրպագուներ անկարգություններ են սարքել այն համերգասրահի մերձակայքում, որտեղ, ինչպես նրանք էին ակնկալում, արտիստը հանպատրաստից համերգ կտա: Այս մասն գրում է BBC-ն:
Քանիե Ուեսթը սոցցանցերում հայտնել էր, որ պատրաստվում է համերգ տալ նահանգապետական պարահանդեսի չեղարկումից հետո, որին նա պետք է ներկա լիներ:
Գաղտնի համերգը պետք է սկսվեր գիշերվա ժամը 2-ին, եւ, արտիստի «Թվիթեր»-ի համաձայն, բոլոր տոմսերը վաճառվել էին մինչեւ գիշերվա ժամը 1-ը:
Ուեբսթեր-Հոլ սրահի մոտ, որը կարող է տեղավորել մեկուկես հազարից ոչ ավելի հանդիսատեսների, ժամանել էին ավելի քան 4 հազար երկրպագուներ:
Նրանք բարձրանում էին ավտոմեքենաների, աղբաբաքերի եւ շինարարական կոնստրուկցիաների վրա՝ հույս ունենալով տեսնել աստղի համերգը:
Չափազանց մեծ թվով եկածների պատճառով կազմակերպիչները հարկադրված են եղել չեղարկել շոուն:
Մինչ այդ Ուեբսթեր-Հոլի մերձակա փողոցները լեփ-լեցուն էին մարդկանցով. ավելի քան երկու ժամ է պահանջվել, որպեսզի բազմությանը համոզեն ցրվել, հաղորդում է New York Daily News գործակալությունը: