Ինչու Ղազախստանի ներկայացուցիչը չի եկել «ԵՏՄ. Հայաստան-համագործակցություն» ֆորումին
Առևտրարդյունաբերական պալատն աշխատանքներ է տանում լոգիստիկ բիզնեսներ ստեղծելու ուղղությամբ: Լրագրողների հետ զրույցում ասաց պալատի նախագահ Մարտին Սարգսյանը՝ անդրադառնալով ռուս փորձագետի բարձրացրած հարցին, որ լոգիստիկ օպերատորների բացակայությունը դժվարացնում է Ռուսաստանի մի շարք շրջաններից ապրանքերի տեղափոխումը Հայաստան:
«Շատ ճիշտ հարց բարձրացվեց: Ռուս գործարարները, ովքեր ուզում են մտնել Իրանի շուկա (ռուսները իրանցիների հետ բանակցելու խնդիր ունեն), կարող են օգտվել հայերի ծառայությունից: Այստեղ հայերը շատ առաջ են գնացել ու նման լոգիստիկ կենտրոններ, կազմակերպություններ ստեղծելու պայմաններում, կարող են դառնալ միջնորդ»,-նշեց Մարտին Սարգսյանը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ կամրջող օղակ կարող է հանդիսանալ Եվրասիական տնտեսական միության երկրների ու երրորդ երկրների միջև՝ այդ թվում՝ Վրաստանի հետ:
Անդրադառնալով փաստին, որ ֆորումին չի ներկայացել Ղազախստանի պատվիրակությունը՝ Մարտին Սարգսյանը նշեց, որ բոլորին ուղարկվել է հրավեր և հույս հայտնեց, որ հաջորդ անգամ նրանք ևս կմասնակցեն: «Բիզնեսի մեջ քաղաքականություն, իհարկե, կա, բայց այն չափով չէ, որ արդյունաբերական պալատները կամ գործարարները իրար հետ չհամագործակցեն: Հուսով ենք, որ մյուս անգամ ԵԱՏՄ մյուս երկրները ևս կմիանան և, իհարկե, կօգտագործեն այս հարթակը, իրենց գործարարներին կուղարկեն ու կկարողանան նաև մեր միջոցով մուտք գործել Իրանի և Վրաստանի շուկաներ»,-նշեց Մարտին Սարգսյանը։