Արցախում մեծ ներուժ կա գյուղմթերքի վերամշակման, հանքաարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում

Արցախի ներդրումային հիմնադրամը մասնակցում է Ծաղկաձորում անցկացվող «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան համագործակցություն» ամենամյա ֆորումին` նոր ներդրողներ գտնելու ու գործարար կապեր հաստատելու ակնկալիքով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց հիմնադրամի տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը, նրանք փորձելու են գտնել գործընկերներ, որոնք պատրաստ են ապրանքներ արտահանել Արցախից, ու ներդրողներ, ովքեր պատրաստ են թեկուզ փոքր բիզնես հիմնադրել այնտեղ: «Արցախից արտահանվում է հիմնականում վերամշակված գյուղմթերք, գործում են մի քանի գործարաններ: Նույն ոլորտում էլ նախատեսում ենք ներդրումներ ներգրավել»,-ասաց Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ Արցախում մեծ ներուժ կա նաև հանքարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում, վերջին շրջանում հատկապես մեծ թափով զարգանում է հյուրանոցային բիզնեսը:

Ինչ վերաբերում է Արցախի ներդրումային հիմնադրամի ընթացիկ ծրագրերին, ապա 300-ից ավելի փոքր ու միջին ձեռնարկատիրական սուբյեկտի հատկացվում է աջակցություն: «Դրանց մեջ կան վարկերի սուբսիդավորման ծրագրեր, կապիտալի մասնակցությամբ օժանդակություն»,-հավելեց Մխիթարյանը:

Տեսանյութեր

Լրահոս