«Մենք շաբաթական մեծ թվով դիմումներ ենք ստանում Հայաստանի միջոցով դեպի Իրան արտահանումների, բայց կան պարզ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դրան». ռուս փորձագետ

Ռուսաստանի փոքր ու միջին սեկտորի արտահանողներին միավորող «Экспортеры России» տեղեկատվական հարթակի ներկայացուցիչ Յուրի Շուրիգինը կարծում է, որ Հայաստանը պետք է զարգացնի ԵԱՏՄ անդամների և երրորդ երկրների միջև կապող օղակ լինելու իր հնարավորությունները: Այս մասին Յուրի Շուրիգինը հայտարարել է «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան համագործակցություն» ամենամյա ֆորումի ժամանակ:

Նրա խոսքով` ռուս գործարարները մեծապես հետաքրքրված են հայկական շուկայով, հատկապես Իրանի հետ առավել սերտ կապեր հաստատելու տեսանկյունից: «Հայաստանի շուկայի հանդեպ Ռուսաստանի հետաքրքրությունը շատ մեծ է: Այդ են վկայում տարեկան անցկացվող 300-ից ավելի միջոցառումները արտահանմամբ զբաղվող ընկերությունների հետ: Դրանց ընթացքում նրանք ցանկություն են հայտնում արտահանումներ կատարել դեպի Հայաստան, որտեղից էլ դուրս գալ Վրաստանի և Իրանի շուկաներ»,- ասաց Շուրիգինը` հավելելով, որ Հայաստանն պետք է իրացնի իր այդ ռազմավարական հնարավորությունները:

«Մենք շաբաթական մեծ թվով դիմումներ ենք ստանում Հայաստանի միջոցով դեպի Իրան արտահանումների, բայց կան պարզ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դրան: Այս շաբաթ մենք Ստավրապոլում էինք, հանդիպեցինք մի խումբ ընկերությունների, որոնք ունեն գործընկերներ Հայաստանում, ցանկանում են արտահանում իրականացնել, բայց նրանց խանգարում է այն, որ չկան լոգիստիկ օպերատորներ, որպեսզի այնտեղից ապրանքը տեղափոխվի Հայաստան: Եթե ընկերություններն այս ուղղությամբ աշխատեն, դա մեծապես կնպաստի արտաքին առևտրի զարգացմանը»,- հավելեց ռուս փորձագետը:

Յուրի Շուրիգինը նկատեց նաև, որ ռուս գործարարները շահագրգռված են Հայաստանի միջոցով Չինաստանի ու եվրոպական երկրների ընկերությունների հետ կապեր հաստատել: Նա խորհուրդ տվեց շտապել ու ակտիվ գործունեություն ծավալելել, քանի որ Ղազախստանն արդեն սկսել է աշխատել այս ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս