«Պետք է ազատվել Ռուսաստանից…». Ազատ Արշակյան

Հայաստանի տնտեսությունը հիմա այն վիճակում է, որ ինքնուրույն հակաօդային պաշտպանության համակարգ չի կարող ձևավորել՝ սնանկ լինելու պատճառով: Այս կարծիքին է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ով 168.am-ի հետ զրույցում ասաց, թե Հայաստանը կա՛մ պետք է ունենա իր համակարգը, կա՛մ պետք է գլոբալ համակարգի մեջ լինի:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լիագումար նիստերի օրակարգում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելու մասին հարցին:

«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը: Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարմանը, ապա այն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը»,- երեկ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Խոսելով այս համաձայնագրում առկա ռիսկերի մասին՝ Ա. Արշակյանը մեզ հետ զրույցում նշեց, թե նախկինում Հայաստանի կողմից արված բոլոր տնտեսական, ռազմական, քաղաքական քայլերը բերել են նրան, որ այլևս չենք կարողանում դուրս գալ այդ շրջանակից. «Որովհետև, եթե մենք հիմա այդ պայմանագիրը չենք ստորագրում, մենք դառնում ենք բաց, խոցելի երկինք: Եթե ստորագրում ենք, մենք կախվածության մեջ ենք լինում մի ուրիշ երկրից, որն ունի դաշնակցային, եղբայրական և փոխօգնության դաշինք մեր թշնամու՝ Թուրքիայի հետ, այդ երկիրը՝ Ռուսաստանը, 1921 թվականից առ այսօր ունի դաշինք Թուրքիայի հետ: Այսինքն՝ հենց Ռուսաստանը ցանկացավ, մենք չենք ունենա հակաօդային պաշտպանություն, նրա կամքով մենք կզրկվենք հակաօդային պաշտպանությունից: Սա նաև նշանակում է՝ ելք չկա»:

Կարդացեք նաև

Ա. Արշակյանը կարծում է՝ այդ դաշինքի առաջարկությունն արդեն ՀՀ-ի «անզորությունից» է: Նրա խոսքով՝ Հայաստանի շահերի հետ հաշվի չեն նստում, և ինչ ուզում՝ անում են Հայաստանի. «Հիմա և՛ դիմադրություն ցույց տալն է վտանագավոր, և՛ եթե հետո դառնանք խոցելի, էլի վտանգավոր է: Մենք արդեն շատ ենք կորցրել մեր ինքնիշխանությունը»:

Հարցին, թե այս պարագայում ի՞նչ կարելի էր անել՝ հաշվի առնելով Ձեր պնդումը, թե երկու քայլի պարագայում էլ վտանգներ կան, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Պետք է ազատվել Ռուսաստանից ուղղակի, անկախ քաղաքականություն վարել, ձևավորել քաղաքական իշխանություն, որը ղեկավարվելու է Հայաստանի Հանրապետության շահերով»:

Արդյոք ի վիճակի՞ է հիմա Հայաստանն ազատվել Ռուսաստանից՝ հարցին էլ, Ա. Արշակյանը պատասխանեց. «Ինչպես քայլ առ քայլ կորցրել է ազատությունը, ճիշտ նույն ձևով պետք է հետ վերցնի իր ազատությունը: Դրա համար հարկավոր է քաղաքական անկախական, ազգային իշխանություն ունենալ. մեր քաղաքական իշխանությունն անկախական չէ, ազգային չէ: Ազգային ժողովի անունը պետք է փոխել մասոնական ժողովով, կամ ապազգային ժողով»:

Տեսանյութեր

Լրահոս