Բաժիններ՝

ArCa-ն կսպասարկվի նաև Ռուսաստանում

Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը կապահովեն ArCa և Мир վճարային քարտերի փոխադարձ սպասարկումը։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ / НСПК) պաշտոնական կայքը, հունիսի 3-ին մտադրությունների հուշագիր է ստորագրվել ArCa-ի և ՎՔԱՀ-ի միջև, որը հանդիսանում է «Мир» վճարային համակարգի օպերատորը։

Կողմերը պայմանավորվել են ապահովել «Мир» և ArCa համակարգերի վճարային քարտերի սպասարկումը իրենց վճարային ենթակառուցվածքների շրջանակներում։

Մոտ ապագայում կստեղծվի կազմակերպչական և տեխնոլոգիական հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն փորձագետներ 2 կողմերից։

«ArCa վճարային համակարգն ու միասնական պրոցեսինգը, միտված լինելով մշտապես զարգացնել ֆունկցիոնալ հնարավորություններն ու ընդլայնել օգտագործողներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ՎՔԱՀ-ի հետ այս համաձայնության ստորագրումը դիտարկում է որպես ևս մեկ կարևոր քայլ այդ ուղղություններով»,- ասել է ArCa-ի տնօրեն Իշխան Մխիթարյանը։

Իսկ ՎՔԱՀ-ի ղեկավար Վլադիմիր Կոմլևը իր հերթին նշել է, որ իրենց վճարային համակարգը կենտրոնացած է «Мир»-ի ցանցի ընդլայնման վրա ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև երկրի սահմաններից դուրս։ «Հայաստանը մեզ համար շատ կարևոր գործընկեր է,  որի հետ մենք այսօր սկսում ենք երկու կողմերի համար մեծ նշանակություն ոնեցող նախագիծ։ Արդեն մոտ ապագայում մեր մասնագետները ձեռնամուխ կլինեն անհրաժեշտ տեխնոլոգիական խնդիրների լուծմանը։ Մենք քննարկել ենք նաև «Мир»-ArCa համատեղ քարտերի թողարկման հնարավորությունը, որը կարող է դառնալ մեր համագործակցության հաջորդ քայլը»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս