IATA-ն այս տարի ավիաընկերությունների ռեկորդային շահույթ է կանխատեսում
2016 թվականի արդյունքներով աշխարհի ավիաընկերությունների եկամուտների միագումար ծավալը 3,1 միլիարդ դոլարով բարձր կլինի ավելի վաղ արված կանխատեսումից, քանի որ ավիավառելիքի ծախսերի նվազումը փոխհատուցում է ուղեւորահոսքի աճի տեմպերի դանդաղումը: Նման եզրակացությունն են արել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA)՝ Դուբլինում կայացած ամենամյա ժողովի մասնակիցները:
Սպասվում է, որ ընթացիկ տարում փոխադրողների զուտ շահույթը կհասնի 39,4 միլիարդ դոլարի՝ գերազանցելով անցյալ տարվա 35,3 միլիարդ դոլար ռեկորդային արդյունքը, ասված է ասոցիացիայի հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ ուղեւորափոխադրումների պահանջարկի աճն IATA-ն կանխատեսում է 6,2 տոկոսի մակարդակում՝ 2015 թվականի 7,4 տոկոսի դիմաց:
Տարբեր երկրներում ավիաշուկաները միանման չեն, բայց ամբողջությամբ վերցված ճյուղը լավ աշխատանք է ցուցադրում, ասել է IATA-ի գլխավոր տնօրեն Թոնի Թայլորը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: