Ադրբեջանցի պատգամավորը սպառնաց. «Շնորհավորանքը կլինի Ղարաբաղի հայերին, բայց համապատասխան ձևով»
«Ինձ մոտ տպավարություն ստեղծվեց, որ հարգարժան մեր կոլեգան անգամ ծանոթ չէ նրան, ինչ գրում է հայկական մամուլը»,- այսօր «Ռուսաստանի միջնորդության հեռանկարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում» թեմայով Երևան-Մոսկվա-Բաքու տեսակամուրջի ժամանակ ասաց Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը՝ դիմելով ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանին:
Ռասիմ Մուսաբեկովը հայտարարեց, որ այսօր Հայաստանում մեծ պայքար է ընթանում, որի նպատակն է՝ վերադարձնել կորցրած 800 հեկտար տարածքը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վերցրել է ադրբեջանական կողմը. «Դա հայկական տարբերակով է 800 հեկտար, իսկ մեր տարբերակով՝ մոտ 2000 է»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը՝ որպես և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի գործընկեր երկիր, պետք է ճնշում գործադրի հայկական կողմի վրա, Երևանի ուշադրությունը գրավի այն խնդիրների վրա, որոնք կարևոր են խաղաղապահության տեսանկյունից:
«Խաղաղության վերականգնման գաղափարն այն է, որ պետք է դրվի հակամարտության գոտուց հայկական ուժերի դուրսբերման հարցը»,- հայտարարեց Ռասիմ Մուսաբեկովը:
Անդրադառնալով Թևան Պողոսյանի այն հայտարարությանը, որ լավ կլինի այս տարի Ղարաբաղի անկախության տոնին Ադրբեջանի պատվիրակությունը գնա Ստեփանակերտ և շնորհավորի, ինչը կառուցողական բանակցությունների սկիզբ կարող է հանդիսանալ, ադրբեջանցի պատգամավորը սպառնաց. «Եթե խոսքը գնում է, որ պետք է շնորհավորել Ղարաբաղի հայերին, ես կարծում եմ՝ այդ շնորհավորանքը կլինի, բայց համապատասխան ձևով»:
Թ. Պողոսյանն ի պատասխան՝ շնորհակալություն հայտնեց ադրբեջանցի պատգամավորներին իրենց ելույթների համար. «Որովհետև իրենք իրենց ելույթներում ինձ տվեցին զգալ այն, որ ես ասում էի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ադրբեջանական բանակի մռութներին լավ հարվածել է: Մի կողմից ասում են՝ մենք հարուստ ենք, ամեն ինչ ունենք, մյուս կողմից ասում են՝ Ռուսաստանը պետք է ճնշի Հայաստանին, իսկ ի՛նչ է՝ դուք չե՞ք կարողանում ճնշում գործադրել Հայաստանի վրա, պետք է Ռուսաստա՞նը ճնշի: Այստեղից հասկանում ենք՝ ով է հաղթել, ով՝ ոչ»:
Նա հայտարարեց, որ ինքը շատ լավ տեղյակ է, թե ինչ է գրում հայկական մամուլը, բայց հենց այն, որ հայկական մամուլում հնարավոր է տարբեր կարծիքներ տեսնել, խոսում է այն մասին, որ մեր երկրում կա ժողովրդավարություն և խոսքի ազատություն. «Իսկ ադրբեջանական մամուլում ես չեմ նկատել, որ ինչ-որ մեկը գրեր՝ «Ժողովուրդ, այն, որ մեզ ասում են, որ մոտ 100 զոհ ենք ունեցել, ճիշտ չէ, զոհերի թիվը 800 է կամ 1000», այդ մասին անգամ ձեր պատգամավորներն են խոսում սուրճի ընդմիջումների ժամանակ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: