«Երբ Ադրբեջանը զինված հարձակում սկսեց, միջազգային հանրությունը համերաշխություն չցուցաբերեց». Սերժ Սարգսյան
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման ժամանակ միջազգային հանրության համերաշխություն չեղավ. Այս մասին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով տարածաշրջանում ներկա իրավիճակին` նախագահն ասել է. «Այս պահին իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան: Սակայն երբ Ադրբեջանը զինված հարձակում սկսեց, միջազգային հանրությունը համերաշխություն չցուցաբերեց: Մենք կցանկանայինք, որպեսզի իրենց հայտարարություններում առավել հստակ ընդգծվեր, թե ինչ է կատարվել. Ադրբեջանը հարձակում է իրականացրել»:
Լրագրողի հարցին, թե որը կլինի կոչը միջազգային հանրությանը` Սերժ Սարգսյանն ասել է. «Հայաստանը փոքր երկիր է: Մենք գիտակցում ենք, որ գուցե տնտեսապես ավելի քիչ հետաքրքրություն ենք ներկայացնում: Մեր մտահոգությունն այն է, որ անարդարությունը կոչվի իր անունով: Մեզ համար առաջին հերթին բավարար կլիներ, եթե եվրոպական ձայները դատապարտեին Ադրբեջանի գործողությունները: Եթե դա բավարար չլիներ, հետագա քայլ կարող էին դիտարկվել պատժամիջոցները»: