ՀՀ կառավարությունը դեմ է Գյումրիին հարկային արտոնություններ տալու նախաձեռնությանը

ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել «Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին»:

Պատգամավորն առաջարկում է Գյումրիի վարչական սահմաններում գտնվող առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի իրականացման գործունեությունից ստացված եկամուտներն ազատել շրջանառության հարկից` 50 %-ի չափով, իսկ նշյալ գործունեությունն իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող` անհատ ձեռնարկատերերին ազատել ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից, նաև կիսով չափ նվազեցնել Գյումրիում արտադրված ապրանքի շրջանառության հարկը, արտոնագրային վճարները, նաև Գյումրում աշխատատեղ ստեղծող և ներդրում իրականացնող կազմակերպություններին տարբեր ժամկետներով՝ կախված ներդրումների ծավալներից, ազատել շահութահարկից և եկամտային հարկից, իսկ «Շիրակ» օդանավակայանի տարածքը 5 տարի ժամկետով հայտարարել ազատ տնտեսական գոտի: Ու թեև ՀՀ կառավարությունը ողջունելի է համարում ներդրումային միջավայրի աճի խթանմանն ու համայնքներում գործարար ակտիվության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, սակայն գտնում է, որ անհասկանալի է, թե ինչու են արտոնությունները նախատեսվում միայն Գյումրի քաղաքի համար, երբ ներդրումների ներգրավման խնդիրներ ունեն նաև, օրինակ, Լոռու մարզը կամ Վայոց Ձորի մարզը:

Առավել ևս, երբ Լոռու մարզը նույնպես համարվում է երկրաշարժից տուժած բնակավայրեր ունեցող մարզ: Կառավարությունը գտնում է, որ ներդրումային միջավայրի խթանման նպատակով պետության կողմից իրականացվող միջոցառումները պետք է համալիր և համակարգված բնույթ ունենան, և այս առումով ներկայացված նախագծով առաջարկվող՝ հարկման բազայի կրճատմանն ուղղված աննախադեպ ընդգրկման ծավալներ ունեցող հարկային արտոնությունների սահմանման առաջարկություններն ընդունելի չեն, քանի որ դրանք միակողմանի բնույթ են կրում և ուղղված են միայն հարկային արտոնությունների սահմանմանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս