Զգուշացեք դեպի ՌԴ արտահանման աճից

2015 թվականն ավարտվել է 5 ամիս առաջ, սակայն դրա տնտեսական արդյունքները դեռ շարունակում են ամփոփվել։ Օրինակ, Ազգային ժողովում դեռ քննարկվում է 2015թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը, իսկ մի քանի օր արաջ Կենտրոնական բանկը հրապարակեց 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը։

Այս փաստաթղթին մենք «168 Ժամի» նախորդ համարում արդեն անդրադարձել ենք` անշարժ գույքի շուկայի և ֆինանսական կայունության վրա դրա ազդեցության մասով։ Սակայն ԿԲ հաշվետվությունում կան բազում այլ ուշագրավ կետեր։
Անդրադառնանք դրանցից ևս մեկին և հանգիստ թողնենք այս փաստաթուղթը։ Խոսքը վերաբերում է արտաքին առևտրին։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2015 թվականին Հայաստանից արտահանման գումարային ծավալը նվազել էր 3.9%-ով և կազմել 1 մլրդ 486.9 մլն դոլար։ Իսկ ներմուծման անկումն ավելի մեծ էր` 26.5% (ծավալը` 3 մլրդ 254 մլնդ դոլար)։

Արտաքին առևտրի ծավալների այս փոփոխությունը, կրկին շեշտենք, ներկայացված է ըստ ապրանքների արժեքի` առանց հաշվի առնելու գների փոփոխությունը։ Իսկ Կենտրոնական բանկը ներկայացնում է նաև արտաքին առևտրի դինամիկայի իրական փոփոխությունը` հաշվի առնելով գների գործոնը։ Եվ այսպես, ԿԲ գնահատականով, ապրանքների ու ծառայությունների իրական արտահանումը, ըստ վճարային հաշվեկշռի, աճել է 13.7%-ով` չնայած հումքային ապրանքների միջազգային գների նվազմանը: Միևնույն ժամանակ, իրական ներմուծումը նվազել է 7.8%-ով:
Սակայն սա դեռ ամենը չէ։

ԿԲ-ն գնահատում է նաև ՀՀ արտաքին առևտրի կենտրոնացվածության մակարդակը` ըստ ապրանքների և ըստ երկրների։ Այսինքն` որքանով ենք կախված մեկ կամ մի քանի ապրանքներից կամ շուկաներից։ Ըստ երկրների` մեր հիմնական առևտրային գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որին 2015 թվականին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 24.8%-ը։ Հաջորդ տեղում Չինաստանն է (10.2%), հետո` Գերմանիան (7.3%)։ Այսինքն` ունենք բարձր կենտրոնացվածություն։

Ըստ ԿԲ-ի` ՀՀ արտաքին առևտրի բարձր կենտրոնացվածության մակարդակը 2015 թ. նվազել է` պայմանավորված արտահանման կառուցվածքում առևտրային գործընկեր ՌԴ-ի տեսակարար կշռի 4.7 տոկոսային կետով նվազմամբ:
Հիշեցնենք, որ 2015-ին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 225.9 մլն դոլարի ապրանք-ծառայություններ (ընդհանուր արտահանման 15.2%-ը), իսկ 2014-ին այդ ծավալը 308.2 մլն էր (19.9%)։

Ու հիմա ամենաուշագրավ ձևակերպումը` կապված այս վիճակագրության հետ։ «Արտահանման կառուցվածքում ՌԴ-ի տեսակարար կշռի 4.7 տոկոսային կետով նվազմամբ, իր հերթին, նվազեցրել է ՀՀ տնտեսության խոցելիությունը ՌԴ անբարենպաստ զարգացումներից»:

Այս ձևակերպումն այնքան ուշագրավ է, որ դրանից կարելի է մի քանի էջ հետաքրքիր եզրակացություններ անել։

Նախ` դեպի Ռուսաստան արտահանման նվազումն արդեն իսկ այդ անբարենապաստ զարգացումների ուղղակի հետևանք է, ինչպե՞ս այն կարող է խոցելիությունը նվազեցնող գործոն դիտարկվել։ Սա նման է նրան, որ առողջ մարդը կանգնի գրիպով հիվանդ մարդու կողքին, վարակվի, ինքն էլ հիվանդանա, ու բժիշկն ասի` դա նվազեցնում է վարակվելու ռիսկը։ Իհարկե, ի՞նչ նվազեցնել, ռիսկն ընդհանրապես զրոյացվել է, որովհետև ռիսկ արդեն չկա. կա արդեն փաստ։

Ժամանակին շինարարության ոլորտի փլուզումն էր ներկայացվում` որպես ՀՀ տնտեսական կառուցվածքի առողջացում, որտեղ շինարարության տեսակարար կշիռը նվազում էր։ Հետո, իհարկե, մեր հայրենակից տնտեսագետներից շատերը նշեցին, որ դրանում ոչ մի դրական բան չկա։ Դրական կլիներ, եթե շինարարությունն աճեր, իսկ տնտեսության մյուս ճյուղերն ավելի մեծ աճ ունենային, ինչի հետևանքով շինարարությունից կախվածությունը կվերանար։ Իսկ բացարձակ ծավալների նվազումը ոչ մի լուսավոր կետ չի պարունակում։

Կամ, պարզվում է` որքան մեր արտահանումը դեպի ՌԴ ավելանում է, այնքան ավելի խոցելի ենք դառնում այդ երկրի բացասական ազդեցությունների նկատմամբ։ Ու ստացվում է, երբ ՀՀ և ՌԴ տնտեսական բլոկի պատասխանատուները համատեղ հանդիպումների ժամանակ խոսում էին ու խոսում են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու մասին, նրանք իրականում ցանկանում էին վնաս տալ մեր երկրին` այն ավելի խոցելի դարձնել։

Եվ վերջապես` ամենատխուր ենթադրությունը։

2016 թվականի առաջին եռամսյակի տվյալներով` Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 2.2 անգամ` կազմելով 67.7 մլն դոլար (2015 թվականի առաջին եռամսյակին այդ ցուցանիշը 31.2 մլն էր)։ Ընդհանուր արտահանման ծավալը նույն ժամանակահատվածում աճել է շատ ավելի թույլ տեմպով` 26.3%-ով։ Դրա արդյունքում ՌԴ-ի տեսակարար կշիռը ՀՀ արտահանման կառուցվածքում կրկին աճել է և եռամսյակի արդյունքներով հասել 18%-ի։
Ու քանի որ ՌԴ տնտեսության անբարենպաստ զարգացումները 2016-ին նույնպես շարունակվելու են, ուրեմն մենք դարձել ենք ավելի խոցելի։

Սա էլ դեռ ամենը չէ։ Եթե արտահանման աճի այս տեմպերը նույն համամասնությամբ շարունակվեն` արտահանումն աճի 26.3%-ով, իսկ դեպի Ռուսաստան` 2.2 անգամ, ապա ՌԴ տեսակարար կշիռը ՀՀ արտահանման մեջ տարվա վերջին կգերազանցի 26%-ը։ Պատկերացնո՞ւմ եք, թե սա կենտրոնացվածության ինչ բարձր աստիճան է, և որքան խոցելի է դառնալու մեր տնտեսությունը։
Ու հակառակ սրա` Ռուսաստանից Հայաստան ներմուծումը նվազել է երկնիշ թվով։

Այսինքն` ՌԴ-ն ավելի անխոցելի է դարձել մեր տնտեսության անբարենպաստ զարգացումների նկատմամբ։ Ճիշտ է, մեր տնտեսության մեջ բացասական զարգացումներ, ըստ կանխատեսումների, չեն սպասվում, բայց դե, զգուշավորությունը չի խանգարում։
Այնպես որ, մեր տնտեսական բլոկի պատասխանատուներին խորհուրդ կտանք ոչ միայն թյուրիմացաբար չխոսել դեպի Ռուսաստան արտահանման աճի մասին` դա ներկայացնելով որպես հաջողություն, այլ ամեն ինչ անել, որ այդ աճի տեմպերը նվազեն։ Իսկ եթե հնարավոր է` այնպես անել, որ տարվա արդյունքներով ունենանք դեպի ՌԴ արտահանման ծավալների նվազում։

Չէ՞ որ ոչ ոք չի ցանկանում ունենալ խոցելի տնտեսություն։

Տեսանյութեր

Լրահոս