«Սա եղել է Հայաստանի և Վրաստանի բոլոր նախագահների ղեկավարության ժամանակներում»

Հայ-վրացական փոխհարաբերությունները շատ հետաքրքիր եւ, կարելի է ասել, եզակի են: Այս մասին Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված «Կովկաս-2015» ամենամյա միջազգային գիտաժողովի ընթացքում նշեց ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ պատճառները հասկանալի են, քանի որ այժմ այնպիսի մի քաղաքական իրավիճակ է ստեղծված, որում Հայաստանի եւ Վրաստանի ներքին ուժերը վերջին 25 տարում բաժանել են երկրները տարբեր ձեւաչափերի:

«Հայաստանը ՀԱՊԿ-ն է, ԵՏՄ-ն, Հայաստանը հարաբերություններ ընդհանրապես չունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, հարաբերությունները Արեւմուտքի հետ բավականին զգուշավոր են, Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, իսկ Վրաստանի դեպքում ճիշտ հակառակն է: Վրաստանը ծառայում է որպես կամուրջ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, ակնհայտորեն ցուցադրում է իր արեւմտամետ մոտեցումը եւ այլն: Այսինքն՝ անկախ այս ամենից, այս ներքին ոչ բարենպաստ պայմաններում երկու երկրները միշտ գտել են բարենպաստ հարաբերություններ ստեղծելու հնարավորություն: Սա եղել է Հայաստանի եւ Վրաստանի բոլոր նախագահների ղեկավարության ժամանակներում: Սա գնահատականն է այն իրականության, որ մենք կախված են միմյանցից, միմյանց կարիքն ունենք: Սրանից երբեմն գոհ չեն ներքին խաղացողները, սակայն այս հանգամանքը եւ՛ Հայաստանի, եւ՛ Վրաստանի ղեկավարությունների համար արժեք է ներկայացնում»,- ընդգծեց քաղաքագետը:

Գիտաժողովի բանախոսներից մեկը՝ Թբիլիսիի «Կովկասի տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գիորգի Կանաշվիլին նույնպես կարծում է, որ հարաբերությունները կայուն են եւ դժվար թե փոփոխվեն:

«Հարաբերությունների վրա դրական ազդեցություն թերեւս կարող է ունենալ Վրաստանում հայկական համայնքի ինտեգրացիան, ինչի ուղղությամբ ակնհայտորեն առաջընթաց կա»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս