«Կան ոլորտներ, որտեղ պետությունը պետք է ասի, որ հանդուրժում է մենաշնորհը». Արծվիկ Մինասյան
Նրանք, ովքեր կողմ չեն ազատ տնտեսական մրցակցությանը, «ցավ են զգալու» հակամենաշնորհային պայքարից: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Հարցին, թե չի՞ լինի, որ նախագահ Սերժ Սարգսյանը կանչի Սամվել Ալեքսանյանին, ասի՝ էլ չես ներկրելու, Ա. Մինասյանը պատասխանեց, որ չի լինի՝ նկատելով, որ դա պայքար է երևույթի դեմ, ոչ թե՝ անձերի. «Եթե դու պետք է ասես՝ Պողո՛ս, դու այլևս չես ներկրում, դրա փոխարեն առաջանալու է Պետրոսը, որն ինքն է ներկրելու. այդ դեպքում ձեր պայքարը դառնում է զրո»:
Ըստ Ա. Մինասյանի՝ մենաշնորհը բոլոր դեպքերում չէ բացասական երևույթ. «Տնտեսագետների շրջանում քննարկվում է, որ այն մենաշնորհները, որը մշտապես նորարարությունների, ինովացիաների վրա է կառուցվում, դրան չի կարելի դեմ արտահայտվել, դա չի կարելի արգելել: Այն մենաշնորհը, որը կապված է երկրի անվտանգության համակարգերի հետ, այդ մենաշնորհը չպետք է վերացնել»:
Նախարարի խոսքով՝ կան ոլորտներ, որտեղ պետությունը պետք է ասի, որ այդտեղ ինքը հանդուրժում է մենաշնորհը, բայց երբ պետությունը ճանաչի մենաշնորհն օրենքով, նրա վրա պետք է դրվի այսինչ սոցիալական բեռը՝ որոշակի կառավարման կանոնների ներքո:
«Ես գիտեմ, որ սա կարող է լուրջ քննադատությունների առիթ տալ, բայց շաքարի մասով շատ է խոսվում, մենք ունենք շաքարի գործարան Հայաստանում, և այն այսօր աշխատում է իր հզորությունների 25-30 տոկոսով, և հումքը վերամշակում են ու ստանում են շաքար. հարց է՝ արդյոք ճի՞շտ է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չթողնել աշխատի, թե՞ ավելի լավ է օրենքով դու ճանաչես իրեն մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես»,- հայտարարեց նախարարը:
Լրագրողի հարցին` այսինքն` կառավարությունը փորձում է օրենքով օրինականացնե՞լ այն, ինչն այսօր անօրինական ճանապարհով կատարվում է, Մինասյանը պատասխանեց. «Ոչ, ես ասում եմ հետևյալը՝ սրանք հարցեր ենք, որոնք պետք է քննարկվեն»:
Նա մատնանշեց Շվեյցարիայի օրինակը՝ այստեղ աղ արդյունահանող ձեռնարկությանը տրվել է բացառիկ իրավունք՝ Շվեյցարիա աղի ներմուծման թույլտվություն տալու առումով: Նրա խոսքով, դա նույնպես մասնավոր ընկերություն է, օրենքով տվել են իրավունք, նույնը կարող է լինել նաև Հայաստանում:
«Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն: Այն ոլորտները, որոնք տեղական արտադրություն են, պետք է ապահովեն զբաղվածության մեծ քանակություն, որոնք հանրային պատասխանատվության տակ պետք է լինեն և տնտեսական մեծ արդյունք են տալիս, արդյոք ճի՞շտ է, որ մենք այս մասով ամբողջությամբ ներմուծման ազատություն տանք, թե՞ այնուամենայնիվ հանրային շահն այս դեպքում պահանջում է, որպեսզի օրենքով բոլոր հարաբերությունները կարգավորվեն՝ թեկուզ ճանաչելով իրեն մենաշնորհ»,-ասաց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: