Բաժիններ՝

«Պահե՛ք խիստ հսկողության տակ»,- հանձնարարեց քաղաքապետը: Բայց ի՞նչը

Յուրաքանչյուր երկուշաբթի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ պարոն Հայկ Ասատրյանը զեկուցում է քաղաքում ապօրինի շինությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:

Այսօր էլ զեկուցեց, ուշադիր լսում էի, թե որ վարչական շրջանում են հայտնաբերվել նման ապօրինություններ: Շենգավիթի մասին ոչ մի խոսք այն դեպքում, երբ հենց իր ստորագրությամբ մայիսի 2-ին նամակ է տրվել Արշակունյաց պողոտայի 46 և 46/1 շենքերի բնակիչներին այն մասին, որ բակում առանց շինթույլտվության իրականացրած շինարարական աշխատանքների համար քաղաքացի Մուրադ Ղազարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության, այսինքն՝ կառույցն ապօրինի է: Նշեմ, որ ՀՀ քաղաքաշինության նախարարը մայիսի 12-ին գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետին ու առաջարկել կասեցնել վերոհիշյալ ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները և օրենքով սահմանված կարգով ապահովել դրանց հետևանքների վերացումը: Պարոն Ասատրյանի զեկույցից հետո քաղաքապետ պարոն Մարգարյանը հանձնարարեց՝ պահեք խիստ հսկողության տակ:

Նստած լսում ու մտածում եմ, ի՞նչը պահել խիստ հսկողության տակ, ընտրովի օրինականությո՞ւնը, թե՞ ապօրինությունն այն դեպքում, երբ ապօրինի կառույցն օրինականացնելու գործընթացը տերն արդեն սկսել է, որի մասին Ազատություն ռադիոկայանին տվված հարցազրույցում ասաց ինքը:

Հիշեցնեմ՝ ՀՀ կառավարության 18.05.2006թ. հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգում գրված է. «Օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները, որոնք կառուցված են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեերի վրա»:

Շարունակում եմ պնդել, որ սա տիպիկ կոռուպցիայի դրսևորում է և գտնվում է շատ լուսավոր վերևներում: Ակնհայտ է, որ այսքանից հետո, եթե այդ առանց շինթույլտվության ինքնակամ շինությունը չապամոնտաժվի ու հանկարծ օրինականացվի, ապա կբացահայտվի քաղաքապետի «Պահեք խիստ հսկողության տակ» հանձնարարականի բովանդակությունը:

Անահիտ Բախշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս