Բաժիններ՝

«Կաշառքը միշտ չէ, որ վատ բան է, եթե օգնում է քո իրավունքների իրական պաշտպանությանը». Ահարոն Ադիբեկյան

Այսօր Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանն ու  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին  կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի մասին՝ ամփոփելով ՀՀ վարչապետի հայտնի ելույթն ու հաջորդիվ կատարվող աշխատանքները:

Ահարոն Ադիբեկյանը համոզմունք հայտնեց, որ կաշառակերությունը մշտապես լինելու է, պարզապես անհրաժեշտ է սովորել կաշառք վերցնելու ձևերը.

«Արևմուտքից  նախկին սովետական, ասիական երկիր ներդրումներ կատարողներն այստեղ են գալիս իրենց տրամադրություններով, և դուք պետք է կարողանաք իրենց լեզվով  խոսեք նրանց հետ: Երբ ներդրողը հայտարարում է, որ  ինքը պատրաստ է որոշակի չափով գումարներ ներդնել կոնկրետ ոլորտում, և նրա հետ  անմիջապես կաշառքի մասին չեն խոսում, ապա նա սկսում է մտածել, որ իրեն այստեղ  լուրջ չեն վերաբերվում:  Եթե կոնկրետ համագործակցության հիմքում Հայաստանն ունենում է 18 մլրդ դոլարի ներդրում, ապա դա կատարվում է  շնորհիվ նրա,  որ մեր չինովնիկները կարողանում են ճիշտ  աշխատել: Ուրեմն կաշառքը միշտ չէ, որ վատ  բան է, եթե օգնում է քո իրավունքների իրական պաշտպանությանը: Այս պարագայում  այդ երևույթը  դրական միտում ունի: Նույն ամերիկյան փորձագետները գտնում են,  որ չի կարելի արմատախիլ անել կաշառակերությունը, պարզապես դրա վրա կատարվող ծախսերը պետք է լինեն արդարացված, չլինեն ավելի շատ, քան վնասները, որոնք ակնկալվում են»:

Անդրադառնալով հայաստանյան իրականությանը՝ Ա. Ադիբեկյանը նշում է.

«Թեպետ Հայաստանին գումարներ տալիս են, բայց դրանք այն գումարները չեն, որ մեզ պետք են, որպեսզի մենք  կարողանանք  մի կերպ դուրս գալ այն  տնտեսական փոսից, որում հայտնվել ենք»:

Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպի՞սին է փորձն աշխարհում և որքանո՞վ են իրատեսական արդյունքները: Ըստ Ա. Ադիբեկյանի՝ քանի որ սա համակարգային հիվանդություն է, ունի լուծումների  մի քանի հարթություն.

«Վարչապետի հայտարարությունն այն մասին, որ կրճատումների միջոցով մենք կարող ենք տնտեսել գումարներ  և դա ուղղել  այլ կարևոր նպատակների, առաջինը ես դեմ կքվեարկեմ: Այդ գումարները պետք է մնան համակարգում՝ աշխատողների  սոցիալական կարիքներն ապահովելու համար:  Ի՞նչ տարբերություն՝ ես մտնում եմ  բիզնես ոլորտում իմ կարիքները հոգալո՞ւ, թե՞ դառնում եմ պետական պաշտոնյա:  Երկուսն էլ նույն կենցաղային խնդիրներն ունեն՝ հիվանդ ծնողներ, մասնավոր  բուհերում սովորող երեխաներ, կարիք՝ նորմալ հանգստի, և այլն: Ես ծառայում եմ  պետությանը ու ստանում եմ կոպեկներ՝ դա արդա՞ր է: Դրա համար ինքն իր կարողության սահմաններում կլրացնի այն գումարները, որը պետությունն իր վրա կտնտեսի, և դա կլինի, բնականաբար, կաշառքի միջոցով: Այսինքն, պետական համակարգում աշխատողը պետք է հստակ իմանա, որ իր սոցիալական կարիքներն ապահովված են: Ուրեմն, առաջին հերթին՝ պետք է լինի ֆիլտր, որը կզտի  պետական համակարգում աշխատանքի անցնել ցանկացող պոտենցիալ կաշառակերին: Ի վերջո, հարց՝ ինչո՞ւ Քենեդիին ԱՄՆ-ում մեծ սիրով ընդունեցին, որովհետև ընտանիքը հարուստ էր,  նրանց աչքը կուշտ էր: Հաջորդ կարևոր հանգամանքը՝ հստակ ու երկիմաստություն չկրող  օրենքների առկայությունն է,  երրորդ հանգամանքը՝ իշխանության մատչելիությունը: Վերջինի  առումով պետք է անպայման նշեմ, որ էլեկտրոնային կառավարման չափորոշիչներով Հայաստանն ամբողջ աշխարհում գրավում է 17-րդ տեղը: Սա շատ լավ ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ մեզ մոտ զարգացած է էլեկտրոնային կառավարման համակարգը, որն էլ  իր հերթին՝ ապահովում է տոկոսային որոշակի չափով թափանցելիություն»,- ասաց նա:

Ասուլիսի բանախոս Ալեքսանդր Ամարյանը նշում է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր այն հանգամանքները, որ ժողովրդին արհեստականորեն ստիպում են գնալ կոռուպցիոն ռիսկերի.

«Ըստ մեր  կատարած ուսումնասիրությունների,  Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը  խիստ զարգացած են, առաջին հերթին, ողջ  դատական համակարգում, երկրորդ տեղում  թաղապետարաններն են, երրորդ տեղում՝ առողջապահության համակարգն է»:

Պայքար կոռուպցիայի դեմ, ըստ Ալեքսանդր Ամարյանի, այնուամենայնիվ կա, բայց ապացուցողական  բազան շատ թույլ է.

«Վկաների պաշտպանության մասին օրենք չկա, ինչպես որ այն կա ամբողջ աշխարհում: Հետևաբար, պետք է փաստել, որ  կոռուպցիայի դեմ պայքարողներ կան, բայց դրա հիմքերը չկան: Ընդ որում,  կաշառակերության մեղադրանքն ապացուցելն այնքան էլ հեշտ բան չի, ինչպես թվում է առաջին հայացքից: Ու չգիտես՝ ինչ պատահականությամբ,  մեր իրականության մեջ կաշառակերության մեղադրանքով բռնվում են միայն ամենաքիչ գումար վերցնող կամ տվող կողմերը: Ես ինքս դեռ չեմ հանդիպել բացահայտված  մի գործի, որտեղ կաշառքի չափը գերազանցի, ասենք՝ 10.000 դոլարը»:

Ահարոն Ադիբեկյանը թեման եզրափակեց՝ մեջբերելով արևմտյան ստանդարտները.

«Կոռուպցիայի դեմ պայքարը ոչ մի դեպքում չի կարելի տանել բռնի ուժի կիրառման ուղիով,  որովհետև մեծ է հավանականությունը,  որ կառավարման համակարգը կարող է դառնալ այդ բռնի ուժի  կամակատարը:  Ստալինի ժամանակ, օրինակ,  մարդիկ իսկապես վախենում էին, որովհետև գիտեին, որ զանցանքի դեպքում կաքսորվեն Սիբիր, բայց նույնիսկ այդ վախը պատճառ չհանդիսացավ, որպեսզի կաշառակերությունն անբողջովին արմատախիլ լինի, պատճառները, այնուամենայնիվ, մնացին: Այս է այն բացահայտ հանգամանքը, որով ես հայտարարում եմ՝ կաշառակերությունը միշտ կլինի, պարզապես դրա դեմ պայքարների միջոցները պետք է լինեն արդյունավետ, իսկ քաղաքացին՝ պահանջատեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս