«Ես էլ եմ գտնում, որ այդ մի քանի բարձունքի համար պետք չէ հարյուրավոր զոհեր տալ». Ռուստամ Գասպարյան
«Սա չի կարելի ասել՝ պարտություն, քանի որ Ադրբեջանը՝ իր ամբողջ հզորությունով, գիշերը գաղտագողի հարձակվել է քնած երկրի քնած դիրքերի վրա ու ընդամենը մի քանի մետր բարձունք կարողացել է առաջ գալ, ու կասեցվել է հարձակումը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը՝ խոսելով հայկական կողմի՝ 800 հեկտար կորստի մասին:
Նրա խոսքով՝ նման դեպքերում յուրաքանչյուր երկիր տասնյակ կիլոմետրերով առաջ է գալիս՝ մինչև դիմացինը կասեցնում է հարձակումը. «Փառք մեր երեխաներին, որ կարողացել են հենց տեղում կանխել հարձակումը»:
Ազատամարտիկը պարզաբանեց, որ «քնած դիրքեր» ասելով՝ նկատի չունի, որ զինվորները քնած են եղել, այլ, որ խաղաղ երկրի վրա են հարձակվել:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարած 800 հեկտար տարածքի կորստի մասին՝ Ռ. Գասպարյանն ասաց, որ դա մի գյուղի կեսի չափ է. «Բայց դուք հաշվի չեք առնում, որ ազատագրված է յոթ շրջան՝ Ղարաբաղի հետ միասին»:
Հարցին, թե պե՞տք է վերցնենք այդ տարածքները, թե՞ այլևս դրա կարիքը չկա, Ռ. Գասպարյանը պատասխանեց՝ հնարավոր է՝ վերցնենք. «Չէի ասի, թե ինչ-որ լուրջ դերակատարություն ունեն այդ դիրքերը, ընդամենը մի քանի բարձունք: Փաստ է, որ մի քանի դիրք գտնվում է նրանց վերահսկողության տակ, դա էլ ժամանակավոր է: Ես էլ եմ գտնում, որ այդ մի քանի բարձունքի համար պետք չէ հարյուրավոր զոհեր տալ, այդ հարյուրավոր զոհերը մեր երեխեքն են, դրանք մեծամասշտաբ պատերազմով իմաստ չունի վերցնելը, կլինեն ժամանակներ, որ ավելի քիչ կորստով այդ բարձունքները հետ կվերցնենք»:
Հարցին, թե Թալիշում ինչո՞ւ հիմա չեն բնակվում, Ռ. Գասպարյանն այսպես պատասխանեց. «Ինչանով տեղյակ եմ, այնտեղ բնակվում են, ժողովուրդը գնացել է իրենց տները: Իմացեք, որ մեր ամեն մի տուն որ վնասվում է, նրանց մի քաղաք է վնասվում»: