«Թող այն մարդիկ, որ այդքան մեծ-մեծ խոսում են, կրկին պատասխանեն ձեր հարցադրումներին»
Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը գոնե իր կայացման փաստով արդեն կարևոր էր: Այս կարծիքին է ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը, ով այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման մասին, վստահություն հայտնեց, որ այն բերելու է սահմանային լարվածության նվազմանը:
«Կա ակնկալիք, որ առնվազն այն, որ կողմերը ձեռք բերեցին պայմանավորվածություն հունիսին հանդիպելու, իսկ հունիսի հանդիպումն առարկայական դարձնելու համար չի կարող այդ լարվածությունը շարունակվել: Ակնհայտ է, որ այս տեմպը, որ տրվել է համանախագահների կողմից, նաև կողմերի պատրաստակամությունը՝ հանդիպել հունիսին, ցույց է տալիս, որ կա ինչ-որ շարժ, դիրքորոշումների ակնհայտ մերձեցում, կա փաստաթուղթ, որի շուրջ կողմերը պատրաստ են բանակցել, ու այս առումով կարևոր է, որ հայկական կողմը հանդես գա ամուր դիրքերից, որպեսզի կարողանանք լիարժեքորեն պաշտպանել մեր մոտեցումները, դիրքերը»,- նշեց Վ. Կարապետյանը:
Նա կողմ է, որ Հայաստանում շարունակվի այդ «համախմբվածության» մթնոլորտը: Նա նկատեց, որ իշխանություններին «ամենակոշտը» ՀԱԿ-ն է քննադատել, բայց այս փուլում իրենք համարում են, որ ժամանակը չէ շարունակել նույն կոշտ քննադատությունը:
Խոսելով Սերժ Սարգսյանի՝ Վիեննա գնալ-չգնալու նպատակահարմարության մասին՝ Վ. Կարապետյանը կարծիք հայտնեց, որ նախագահը պարտադիր պետք է գնար, քանի որ կարծում է՝ չունենք տարբերակ բոյկոտելու նման հանդիպումները՝ հաշվի առնելով լարվածությունը սահմանում. «Մենք պետք է պրոակտիվ լինենք բանակցային գործընթացում, և կամակորությունը տեղին չէ»:
Վ. Կարապետյանը սխալ է համարում, որ նախապայմաններ են դրվում. «Ինձ համար հասկանալի չէ: Ճիշտ է, որ պետք է վերահսկողություն մոնիտորինգ անցկացվի, միջազգային հանրությունը հետևի, բայց դա դարձնել նախապայման՝ ինձ համար անհասկանալի է, այդ խնդիրները պետք է ուղղակի բարձրացվեն բանակցային սեղանի շուրջ»:
Խոսելով հայկական կողմի ապրիլյան պատերազմում թերացումների և պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու մասին՝ Վ. Կարապետյանը նշեց, որ պատասխանատվության հարցը մի օր բարձրացվելու է. «Եթե մենք այսօր չենք խոսում այդ մասին, նպատակահարմար ենք գտնում, որ բանակցող մարդկանց, պաշտոնյաների դիրքերը բարձրացվեն, դա չի նշանակում, որ այն ցավալի կորուստների մասին խոսք չի գնալու, դրանց մասին հիշատակում չի լինելու, պարզապես այսօր ժամանակը չէ: Մենք բազմիցս լսել ենք, որ պաշտպանության ոլորտի մեր պատասխանատուներն ասել են, որ ցանկացած հարձակում մենք կկարողանանք հետ մղել:
Թող այն մարդիկ, որ այդքան մեծ-մեծ խոսում են, կրկին պատասխանեն ձեր հարցադրումներին և բացատրություններ տան հանրությանը: Ես համաձայն էի այն պնդումների հետ, որ Ադրբեջանը, եթե մեկ օր էլ զգա, որ առավելություն ունի, հարձակում կգործի, դե, զգաց, ո՞վ է մեղավոր, որ զգաց, դրան ես չէի ուզենա անդրադառնալ, բայց որ մի օր այդ հարցերը հասարակության քննարկման առարկան են դառնալու, դա օգտակար և առողջարար կլինի մեր համար»: