Հայկական բանակում ժամկետանց և անորակ սնունդ չի լինում. Արթուր Պետոյան
Վայքի զորամասի 4-րդ հրաձգային թիկունքի պետ մայոր Արթուր Պետոյանը վստահեցնում է, որ հայկական բանակում ժամկետանց և անորակ սնունդ չի լինում: Հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքերից մեկում լրագրողների հետ զրույցում Պետոյանն, անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե բանակում սնունդն անորակ է ու ժամկետանց, հավաստիացրեց, որ նման բան չի կարող լինել:
«Ես, որպես թիկունքի պետ վստահեցնում եմ, որ այսքան ժամանակ իմ զինվորը ժամկետանց սնունդ չի կերել և նույնը կարող եմ ասել մեր ողջ բանակի մասին»,- ասաց Պետոյանը: Նա հավելեց, որ մարտական դիրքերում հերթապահություն իրականացնող զինծառայողները հաց և ջուր ստանում են ամեն օր, ինչպես նաև երկու կամ երեք օրը մեկ անգամ փոխում են շուտ փչացող սնունդը` երշիկ, ձու, կարագ և այլն:
Նույն մարտական դիրքում հերթապահություն իրականացնող զինվորները նույնպես դժգոհ չեն իրենց տրամադրվող սննդից: Լրագրողների հետ զրույցում զինծառայողները վստահեցրեցին, որ շատ գոհ են Պաշտպանության նախարարությունից որակյալ սնունդ ապահովելու համար: Զինծառայողները նաև նշում էին, որ բանակում սովորել են ռեժիմով սնվել, ինչը երբեք չեն արել քաղաքացիական կյանքում:
4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայրոր Անդրանիկ Մակարյանը վստահեցրեց` չի կարող պատահել, որ այսօրվա դրությամբ հայկական զինված ուժերում անձնակազմի և զինծառայողների սննդի հետ կապված խնդիր լինի:
«Դուք ինքներդ տեսաք, թե սննդի ինչ նորմացույցներ կան մեր զորամասի մշտական տեղակայման վայրում և ինչ նորմացույցներ կան մարտական դիրքերում: Զորամասի և մարտական դիրքերի սննդի նորմացույցները միմյանցից տարբերվում են և դա արվում է նրա համար, որ մարտական դիրքերում տարբր տեսակի կենցաղային հարցեր չառաջանան: Խոսքը սպասքը լվանալու, ճաշը տաքացնելու և նման այլ հարցերի մասին է: Դուք երևի հաշված կլինեք, թե մարտական դիրքում քանի տեսակի պահածոյացված սնունդ կա: Կարող է տարբեր խնդիրներ կան, բայց անձնակազմի ու զինծառայողներին կերակրելու հետ կապված որևէ խնդիր չունենք»,-ասաց Անդրանիկ Մակարյանը: