«Գաղտնիքը մեր պապերի ավանդույթներն են». օրինակելի հայ ընտանիքի մոդելը՝ ըստ հոգեբանի
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջարկով 1993թ.-ից կազմակերպության անդամ երկրներն ամեն տարի մայիսի 15-ը նշում են՝ որպես Ընտանիքի միջազգային օր: Հայաստանում այդ օրը նշվում է 2011 թվականից: Այս առիթով այսօր սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և հոգեբան Մարիամ Մեհրաբյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին հայ ընտանիքի հոգեբանական և սեռական հիմնախնդիրների մասին:
«Միջընտանեկան հարաբերություններում շատ կարևոր է հասկանալ, թե որքանո՞վ է զույգը պատրաստ հարաբերություններն աստիճանաբար խորացնելուն, դեպի ինտիմ տանելուն, քանի որ ինտիմ խնդիրները շատ դեպքերում վրա են հասնում հանպատրաստից, առանց հոգեբանական հասունության, առանց մեկը մյուսին զգալու: Ինչպե՞ս հասկանալ՝ տվյալ անձը համապատասխանո՞ւմ է քո սեռական պատկերացումներին, թե՞ հնարավոր են վատ անակնկալներ երկու կողմի համար էլ»,- վերոհիշյալ հարցերի պատասխանը ստանալու համար սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը համոզված է՝ կարևոր է զույգի միջև շփման հասունությունը:
Ըստ բանախոսի՝ պարտադիր չէ՝ լինեն անկողնային հարաբերություններ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք լիովին համապատասխան են զույգերը, թե՞ ոչ. «Կան որոշ չափորոշիչներ, որոնցով կարելի է եզրակացության գալ։ Կարևոր է, որ զույգը ժամանակ առ ժամանակ քննարկի այն հարցերը, որոնք իրենց հետաքրքրում են»,- նկատում է Վրեժ Շահրամանյանը։
Հոգեբան Մարիամ Մեհրաբյանի համոզմամբ էլ՝ հայ ընտանիքն իր բոլոր կողմերով շատ երկրների ու ժողովուրդների համար կարող է օրինակ ծառայել.
«Գաղտնիքը մեր պապերի ավանդույթներն են, բայց քանի որ երկիրն անցումային շրջանում ունեցավ որոշակի ճեղքվածքներ, դրանից անմասն չմնաց հայ ընտանիքը: Առհասարակ ընտանիքում վատ մթնոլորտն ունենում է խորը պատճառներ, և դրանք մեկ օրում չեն առաջանում: Սեռական ու հոգեբանական անհամատեղելիությունն այն խորքային պատճառներն են, որոնք տանում են ամուսնաընտանեկան դավաճանությունների, բարձրացնում են ամուսնալուծությունների թիվը»,- ասաց նա։
Տեղեկացնենք, որ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց՝ որպես Ընտանիքի օր: