«Թող քարը նետի առաջինը նա, ով մեղավոր չէ». Էդուարդ Շարմազանովը՝ վարչապետի հայտարարության մասին
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ պետք է «թերությունները շտկվեն, ավելորդ ծախսերը կրճատվեն»:
«Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները, և այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին՝ մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը»,- ասել է վարչապետը:
Այսօր Ազգային ժողովում լրագրողներն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին՝ իշխանությունը կպայքարի՞ ինքն իր դեմ: Ի պատասխան՝ Է. Շարմազանովն ասաց, որ իշխանությունն այլ ճանապարհ չունի, պետք է պայքարի կոռուպցիայի և բոլոր վատ երևույթների դեմ: Հարցին, թե այս փոփոխությունների ճանապարհին հրաժարականներ կլինե՞ն, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ քաղաքականությունը կենդանի պրոցես է, և «ո՞վ է ասել, որ ինքը կամ մյուս պաշտոնյան պապենական այդ պաշտոնին են մնալու»:
«ՀՀ ղեկավարը կորոշի՝ ով որտեղ կաշխատի, ինչ հարցի բարեփոխումների անհրաժեշտություն կլինի: Սա նոր բան չէ, որ այսօր վարչապետն ասել է, իհարկե, դրական եմ համարում վարչապետի այս գնահատականները: Ես դրական սպասումներ ունեմ, որովհետև այլ ճանապարհ չունենք, որովհետև կոռուպցիան ախտ է, այն հիմնական մարտահրավերներից է, որ կա. սահմանադրական բարեփոխումները համակարգային բարեփոխումների սկիզբն է ՀՀ-ում»:
Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ իշխանությունը խոստովանո՞ւմ է իր կառավարման տապալումը, Է. Շարմազանովը պատասխանեց, որ չէր ցանկանա «տապալում» և «ձախողում» տերմիններն օգտագործել. «Խոսքը չի գնում տապալման և ձախողման մասին, խոսքը գնում է ավելի արդյունավետ աշխատելու մասին, սխալներն ավելի արդյունավետ և ինտենսիվ վերհանելու մասին, ավելի բաց ու հրապարակային աշխատելու մասին, որը կհանգեցնի արդյունավետության բարձացմանը: Որևէ մեկս կատարյալ չենք, թող քարը նետի առաջինը նա, ով մեղավոր չէ: Բոլորս էլ մեղավոր ենք, ունենք թերություններ, շատ ավելի վտանգավոր է, երբ դու թերությունները կոծկում ես և չես տեսնում»: