«Եկել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպելու ժամանակը». ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևողական լուծման օգտին: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքից, նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) համատեղ հայտարարության մեջ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպան Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեր Անդրյոն Ֆրանսիայից, լիովին հավատարիմ են ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջնորդությանը»,- ասված է հայտարարության մեջ:
«Շփման գծում լարվածության վերջին սրացման ֆոնին մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու ժամանակը: Մեր արտգործնախարարները պատրաստ են կազմակերպել այդ հանդիպումը հաջորդ շաբաթ Վիեննայում»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ հանդիպման հիմնական նպատակն է լինելու ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը և ձգտել բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցությունների վերսկսման համար:
«Հնարավոր չէ հաջողության հասնել բանակցություններում, եթե բռնությունները շարունակվեն, և չի կարող լինել խաղաղություն՝ առանց բանակցային գործընթացի: Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- նշված է հայտարարության մեջ: