Բաժիններ՝

«Կարելի՞ է նման պարզագույն ձևով մտածել». Արծվիկ Մինասյանը՝ «Հրազդան-Ցեմենտին» տույժերից ազատելու մասին

«Հարկերը չվճարելու հետևանքով առաջանում են տույժ-տուգանքներ, եթե Պետական եկամուտների կոմիտեն դիտարկումն իրականացնում է, տեսնում է, որ ունի գումար, բայց չի վճարում, դա կոչվում է՝ չարամիտ կերպով չվճարել, դրա համար կա նախատեսված պատասխանատվության միջոց, եթե չկա այդ փաստը, չունի միջոցը, որ վճարեն, կիրառվում է երկրորդ միջոցը՝ արգելանքի է դրվում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ընդունվեց «Հրազդան-Ցեմենտ» ՓԲ ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրինագիծը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Լյովա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այդ 1 միլիոնով հազարավոր ձեռներեցների կարելի էր փրկել. «Այդ գումարով գուցե հնարավոր լիներ մի քանի հազար փոքր ձեռներեցի ներել, զիջել, որոնք մի քանի աշխատատեղ ունեին, ընտանիք էին պահում»:

168.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր էր արդյոք այդ գումարն այնպես օգտագործել, ինչպես Լ. Խաչատրյանն է ասում, և արդյոք պատերազմող երկրի տնտեսության համար շռայլություն չէ՞ այդ 1 միլիոնի ներումը: Ի պատասխան մեր հարցին՝ նախարարն ասաց. «Եթե չկա գումարը, պարոն Խաչատրյանը կամ մյուս տնտեսագետները ո՞նց են բաշխում անում, չկա այդ փողը, կազմակերպությունը չի կարողանում այդ վճարումն անի»:

Կարդացեք նաև

Նախարարի խոսքով՝ եթե չներվեր, գործարանը գնում է լուծարման, գույքը վաճառվում է, առաջացած միջոցները բավարարում են բանկի վարկային պարտավորությունները, չի էլ հասնում պետական բյուջե վճարմանը, որ մի հատ էլ մտածեն՝ բյուջեից վերցնեն այդ գումարը՝ բաշխում անեն:

«Կարելի՞ է նման պարզագույն ձևով մտածել: Հիմա գոնե շանս ես տալիս, որ այդ ձեռնարկությունը աշխատի, ներկայացնի նոր արժեք ու դրա համապատասխան՝ նոր հարկեր վճարի: Երբ խոսում են արդեն տնտեսագետ կոչված կամ նման կարգավիճակ ունեցողները, ինձ համար զարմանալի է, ես սկսում եմ կասկածել նրանց մասնագիտական գիտելիքների վրա: Իհարկե, տվյալ դեպքում խոսքը չի վերաբերում պարոն Խաչատրյանին, որովհետև պարոն Խաչատրյանը նաև հրաշալի հասկանում է տնտեսական գործընթացներից, պարզապես, հավանաբար պահից ելնելով՝ քաղաքական հայտարարություն էր ուզում անել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս