
Միկա Բաղդասարովի պարտքերը զրոյացնող աղմկահարույց օրինագիծն ընդունվեց. ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ

Քիչ առաջ Ազգային ժողովի նիստում ընդունվեցին երեկ քննարկված օրինագծերը, այդ թվում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց 104 կողմ, 0 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:
ԱԺ նախորդ նիստում տապալված և աղմուկ հանած «Հրազդան-Ցեմենտ» ՓԲ ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրինագիծն ընդունվեց 86 կողմ, 8 դեմ և 9 ձեռնպահ ձայներով:
Ուշագրավ է, որ բոլոր Հանրապետականները ներկա էին նիստին և կողմ քվեարկեցին Միկա Բաղդասարովի կուտակած գործարանի 500 մլն դրամի պարտքը ներելու մասին օրենքի նախագծին: Օրինագիծը խիստ քննադատության արժանացրած ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը բացակա էր: Նա ասել էր, որ մեր երկիրն այսօր պատերազմի մեջ է, և պետությունը պարտավոր չէ պարբերաբար վճարել առանձին «գաստրոլյորների» փոխարեն:
«Կարծում եմ՝ ոչ թե պետությունը պետք է զիջի, այլ մեր հասարակությունը պետք է որոշի՝ ինչպես վարվել նման դեպքերում, նման անձանց հետ: Իսկ դրա համար այդ մարդիկ պարտավոր են գալ ու հաշիվ տալ, վճարել իրենց արածների համար: Եվ վերջապես՝ բավական է, մենք պիտի կարողանանք դասեր քաղել ապրիլյան իրադարձություններից: Խելքի է պետք գալ, հակառակ դեպքում հաստատ խելքի եկողներ կլինեն: Բավական է այլոց երեխաների արյան հաշվին, մեր քաղաքացիների հաշվին կառուցել սեփական երջանկությունը: Հարկավոր է ուղղակի կանգ առնել»,- ասել էր նա:
Օրինագծին դեմ քվեարկեցին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, ՕԵԿ-ականներ Լևոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, ԲՀԿ-ից՝ Արմեն Ավետիսյանը:
ՀՅԴ-ն ողջ կազմով կողմ քվեարկեց: Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների մեծ մասը բացակա էր, միայն Թևան Պողոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը ձեռնպահ մնացին: