
«Բոլոր անունները կուսումնասիրվեն». Վահրամ Բաղդասարյանը՝ ICIJ-ի հրապարակած պանամական թղթերի մասին

«Ես խնդրում եմ, որ որևէ մեկը շտապողականություն չցուցաբերի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով երեկ ICIJ-ի հրապարակած պանամական այն թղթերի մասին, որոնց մեջ Հայաստանից 3 տասնյակ մարդիկ են ներգրավված օֆշորային սխեմաներում: Հիշեցնենք, որ այդ անունների մեջ է նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը:
Այս առնչությամբ Վ. Բաղդասարյանն ասաց, որ, եթե նման անուններ կան, ապա այդ բոլոր անունների շրջանակներում ուսումնասիրություններ կիրականացվեն:
Դիտարկմանը, թե այնտեղ կա նաև Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի անունը՝ Վ. Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Այդտեղ անուններ շատ կարող են շոշափվել, համենայն դեպս, դրա հավաստիության մեջ կարող ենք համոզվել միայն ուսումնասիրությունների արդյունքում, և հետո նոր ինֆորմացիա տալ»: