Ինչո՞ւ է Ռուսաստանն ուշացնում 200 միլիոն վարկով նախատեսվող սպառազինության մատակարարումը և ե՞րբ կսկսի գործընթացը

«Ռուսաստանն ուշացնում է Հայաստան մատակարարվելիք սպառազինությունը՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը՝ անդրադառնալով Ռուսաստանից 200 միլիոն դոլարի վարկով սպառազինության ձեռքբերման համաձայնությամբ նախատեսված սպառազինության մատակարարումների ձգձգմանը:

Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում պարզ դարձավ, որ 200 միլիոն դոլարի վարկի պայմանագրով սպառազինությունը Հայաստան չի հասել: Ավելին, ապրիլի 27-ին Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, այցից հետո հայտնի էր դարձել, որ հայկական պատվիրակության նպատակն է եղել՝ արագացնել սպառազինության մատակարարման գործընթացը:

Սակայն, միևնույն ժամանակ, օրերս ադրբեջանական կայքերը չճշտված տեղեկություններ տարածեցին այն մասին, որ Ռուսաստանը շարունակում է սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանին, խոսքը «Վենա» տիպի 120 մմ ինքնագնաց հրանոթների և արդիական էլեկտրոնային համակարգերով կատարելագործված БТР-82А զրահամեքենաների մասին է՝ այն դեպքում, երբ ամիսներ առաջ՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ապա՝ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իրար հերթ չտալով, մեկնում էին Բաքու, որպեսզի Բաքուն վճարի մատակարարվող սպառազինության համար, քանի որ ռուսական մամուլը գրում էր վճարումների ուշացման մասին: Եվ այս ամենից ստացվում է, որ Ռուսաստանը Հայաստանին չի տրամադրում վարկային պայմանագրով նախատեսվող սպառազինությունը, այնինչ Ադրբեջանին, ըստ էության, «պարտքով» սպառազինություն է մատակարարում:

Ցիգանոկը մեզ հետ զրույցում Հայաստանին տրվելիք սպառազինության ուշացումը պայմանավորեց այլ հանգամանքներով: Ըստ նրա՝ ոչ թե Ռուսաստանն է ձգձգում իր պարտավորությունների կատարումը, այլ կա ճգնաժամային իրավիճակ Ռուսաստանում:

«Եթե ուշադիր նայենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ապա կհասկանանք, որ Ադրբեջանը Ռուսաստանին 5 անգամ ավելի մեծ գումար է պարտք, քան Հայաստանը՝ իր այս պայմանագրով: Ուշադրություն եմ ցանկանում հրավիրել հետևյալի վրա` Ադրբեջանին ևս չի մատակարարվում սպառազինություն, թեև ադրբեջանական կողմն ավելի շատ սպառազինություն է գնել պայմանագրով: Ուստի սա բացառապես ճգնաժամային իրավիճակի հետևանք է: Ռուսաստանն ինչ էլ անի՝ քննադատվում է, այնինչ ճգնաժամային իրավիճակ է, որը սահմանափակում է Ռուսաստանին: Երբ լինի հնարավորություն, Ռուսաստանը կմատակարարի, առավել ևս՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի հետ պայմանագիրը՝ որպես ռազմավական գործընկերոջ պայմանագիր է: Հնարավոր է, որ զորահավաքում ցուցադրության նպատակով է նույնիսկ ձգձգվել մատակարարումը, հնարավոր է՝ զորահավաքից անմիջապես հետո մատակարարվի»,- նման կարծիք հայտնեց Ցիգանոկը:

Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությանը, թե Ադրբեջանը ստանում է այս օրերին սպառազինություն` նա ասաց, որ չի կարող այդ տեղեկատվությունն այս պահին ճշտել: «Բայց այն ինձ կասկածելի է թվում, քանի որ ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը մեկ ամիս առաջ Ադրբեջանում ուղիղ ասաց, որ, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները ու չի վճարել, չի ստանա սպառազինություն: Առավել ևս՝ Ռոգոզինը, ով պատասխանատու է ռազմաարդյունաբերական ոլորտի համար, նման բան է ասել, պահանջել, չեմ կարծում, թե առանց վճարումների մատակարարվեր: Չեմ կարծում, թե հիմքեր ունի այդ տեղեկատվությունը՝ հաշվի առնելով փաստերը»,- նկատեց նա:

Դիտարկմանը, թե ՌԴ դեսպանատան պաշտոնյան հստակորեն նշել է, որ ռուսական զենք չի կարող ուղարկվել Արցախ, քանի դեռ այն չի ճանաչվել Հայաստանի կողմից, ի՞նչ է դա նշանակում, ասաց, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, ուստի նման հայտարարությունը բնական է: «Այս հարցին ևս հայկական կողմը ճիշտ է մոտենում: ՀՀ երկու նախագահներն էլ ասել են, որ դա տեղին չէ, պետք է հստակեցնել ԼՂ կարգավիճակը: ՄԽ փաստաթղթերն ուժի մեջ են, Ադրբեջանը պետք է ականջ դնի նաև ՀՀ առաջին նախագահի կարծիքներին»,- ասաց Ցիգանոկը:

Տեսանյութեր

Լրահոս