Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգևատրելու մասին
Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգեւատրելու մասին:
2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության եւ խիզախության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի, «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 44 հոգի, որից 4-ը՝ հետմահու, «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 241 հոգի, որից 11-ը` հետմահու:
Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվել է 16 հոգի, որից 2-ը` հետմահու:
ԼՂՀ մատուցած ծառայությունների համար մեկ ազատամարտիկ պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: