Գեներալը Ղարաբաղ մեկնելու փոխարեն խեցգետնի բիզնեսն է մենաշնորհում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կեսօրին լուր ստացանք, որ լարված իրավիճակ է  Գեղարքունիքի մարզում։ Նորադուսցիները՝ 500-700 հոգի, փակել էին միջպետական ավտոճանապարհը ու պահանջում էին չխոչընդոտել իրենց ապրուստին, որը խեցգետնի արտադրությունն ու արտահանումն է։ Բողոքն ուղղված էր Սննդի անվտանգութւան պետական տեսչության դեմ։ Բողոքի մասնակիցներից Զորիկ Հակոբյանը, որը խեցգետնի հոր ունի, համագյուղացիներից էլ խեցգետինն արդեն 7 տարի շարունակ գնում, վերամշակում, արտահանում է Ռուսաստան, տարիներ շարունակ առանց խոչընդոտների իր ապրանքի համար ստացել Է պահանջվող բժշկական հավաստագիրը, մինչդեռ արդեն երեք շաբաթ Է՝ չի կարողանում արտահանում իրականացնել. «Ապրանքը ֆուռերով տարել ենք մաքսակետ, բայց, չգիտես ինչու, չեն տալիս պահանջվող հավաստագիրը»։ Նա վստահեցնում Էր, որ ավելի քան 20 ընկերություններ հայտնվել են այդ կարգավիճակում, տեսչությունն ընդամենը երկու ընկերության Է որակի հավաստագրեր տրամադրում։ Դրանցից մեկն «Ակվատիկն» է, որը, ըստ տեղեկությունների, պատկանում Է գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին, որը, ի թիվս այլ բիզնեսների (զորամասերի թեյարաններ, բիլիարդ), զբաղվում Է խեցգետին արտահանելով և, ըստ ցուցարարների, դաշտը մենաշնորհելու նկրտումներ ունի։

Մյուս ընկերությունն էլ «Արտ-Բախ յունյոնն» Է, որը համագործակցում Է «Ակվատիկի» հետ։ Մեր զրուցակիցը տպավորություն ուներ, որ դաշտը մենաշնորհում են գեներալի համար։ Ու այդ մի ընկերությանն են թույլտվություն տալիս։ Գեներալի ընկերության ներկայացուցիչ ոմն Կարեն զանգում է մյուս ընկերություններին, ասում, որ 1100 դրամով մեր ապրանքը կարտահանի, մինչդեռ Ռուսաստանում 1 կգ խեցգետինը 1400 դրամով է վաճառվում։ Կամ էլ ասում են՝ բերեք, կիլոն 200 դրամով վաճառեք մեզ, մենակ մենք արտահանենք։ Ո՞վ կգնա ծովից հանի, բերի տա իրան, կամ կռիվ ես գնացել, կամ ծովը, 50/50 ա՝ ո՛ղջ կմնաս, թե՝ չէ։ Սա մեր ապրուստի միջոցն է, սա մեկ-երկու հոգու հարց չէ, ոչ էլ մի գյուղի, սա ամբողջ մարզի բնակիչների ապրուստի խնդիրն է։ Նրանք, ովքեր չեն մեկնել արտագնա աշխատանքի, իրենց ապրուստի միջոցն այս ճանապարհով են լուծում»։

Դիմեցինք Սննդի անվտանգության տեսչությանը՝ տեղեկանալու, թե ինչ է փոխվել վերջին երեք շաբաթների ընթացքում։ Մամլո խոսնակ Նվարդ Առաքելյանը պարզաբանեց, որ արտահանողների ռեեստրում ներկայումս գրանցված 20 ընկերություն կա, որոնք ունեն համապատասխան թույլտվություն, և որևԷ մեկին տեսչությունը չի զրկել այդ իրավունքից»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս