Թուրքիայում աշխատանքից ազատել են ընդդիմադիր ԶԼՄ-ների ավելի քան 400 աշխատակիցների. թուրք լրագրող
Թուրքիայում ընդդիմադիր ԶԼՄ-ների 400-ից ավելի լրագրողներ մնացել են առանց աշխատանքի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ջումհուրիեթ» թերթին հայտնել է Zaman թերթի նախկին թղթակիցը:
Նրա խոսքով` իր գործընկերներին աշխատանքից ազատել են փոխհատուցման վճարում չնախատեսող հոդվածով:
Անկարայում Zaman թերթի գրասենյակը փակել են ապրիլի 29-ին: Ընդհանուր առմամբ Zaman-ից եւ Cihan գործակալությունից աշխատանքից ազատել են 400-ից ավելի լրագրողների: Ընդ որում ինձ եւ իմ գործընկերներին ազատել են «ծառայողական դիրքը չարաշահելու» եւ «կազմակերպության հեղինակությանը վնաս հասցնելու» հոդվածներով, որոնցով փոխհատուցում չի նախատեսվում», -ասել է լրագրողը:
Cihan-ի աշխատակիցոը հաստատել է, որ ապրիլի 29-ին ազատել են այդ կազմակերպության մեծ թվով լրագրողների եւս:
«Անկարայում գործակալության գրասենյակի 25 լրագրողներից 17-ին ազատել են: Եթե այն ամբողջությամբ չփակվի, ապա, նվազագույնը, կկոմպլեկտավորվի իշխանամետ ԶԼՄ-ների աշխատակիցներով, որոնցից ոմանք արդեն հրավեր են ստացել աշխատելու մեր փոխարեն», -ասել է գործակալության զրուցակիցը:
Zaman եւ Cihan լրատվամիջոցների լրագրողների նկատմամբ թուրքական իշխանությունների հետապնդումներն սկսվել են այն բանից հետո, երբ նրանք տեղեկություններ են հրապարակել Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության կողմից Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկչական խմբավորումներին զենք եւ զինամթերք վաճառելու մասին` բերելով անհերքելի փաստեր:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում լրագրողների, ընդդիմադիրների եւ արվեստի գործիչների հետապնդումներն ուժեղացել են նախագահ Թայիփ Էրդողանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, իսկ քրդերի հետ հակամարտությունը բռնկվել է նոր ուժով: