Բաժիններ՝

«Ինչո՞ւ բարձրաձայն չեք տալիս այն մարդու անունը, ով այս ամենի հեղինակն ու մեղավորն է, և Դուք գիտեք՝ դա ով է՝ Հասմիկ Պողոսյանը». միջադեպ՝ ՀԹԳՄ համագումարում

Այսօր Հայաստանի թատերական գործիչների միության 16-րդ համագումարն աչքի ընկավ կոնֆլիկտային միջադեպով, որը տեղի ունեցավ արվեստաբան Էմանվել Արաքսման-Մանուկյանի ելույթի ընթացքում: Վերջինս բեմ բարձրացավ՝ խոսելու մի երևույթի մասին, որը, ըստ վերջինիս՝ աննախադեպ որակում ունի:

«Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող են գլխավոր թատրոնները, ինչպիսիք են՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը կամ Օպերային թատրոնը, չունենալ գլխավոր դիրիժոր: Նույնիսկ քննարկման ենթակա չէ այն իրողությունը, որ ամեն թատրոն պետք է և պարտավոր է ունենալ գեղարվեստական ղեկավար: Եթե իմ կարծիքը հարցնեք՝ գեղարվեստական ղեկավար կարող է լինել տնօրենը, որովհետև նույն մարդը և´ գործնական, և´ ստեղծագործական իմաստով՝ կարող է միավորել թատրոնը: Ինչո՞ւ, օրինակ, Օպերային թատրոնը չունի գլխավոր դիրիժոր, ինչպե՞ս է դա հնարավոր՝ հարց եմ տալիս: Հասկանալի է, որ մեր շատ հարգելի, աշխարհահռչակ օպերային երգչին բերեցին-դրեցին Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, և շատ եմ ցավում, որ նա այդպես վաղաժամ հեռացավ կյանքից: Բայց ի՞նչ արեց նա այդ թատրոնի հետ, ինչպիսի՞ փոփոխություններ նա բերեց այդ թատրոն՝ սկսած խաղացանկից, որտեղից հանվեցին բոլոր կենդանի ներկայացումները՝ փոխարինվելով դրանք ինչ-որ մեռած ներկայացումներով, և հետո, ես չեմ հասկանում, այս ի՞նչ աշխատաոճ է՝ մարդկանցից ուզում են ազատվեն՝ հաստի՞քն են հեռացնում … Ես, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում, ինչի՞ համար է և ո՞ւր է տանում կասկածելի այս աշխատաոճը»,- իր ելույթի ընթացքում հռետորաբանական հարց բարձրացրեց Էմանվել Արաքսման-Մանուկյանը, որին ի պատասխան՝ թատրոնի դահլիճից զայրացած արձագանքեց դիրիժոր Արա Պետրոսյանը.

«Ինչո՞ւ Ձեր հարցն ըստ էության չի հնչում, պարոն Մանուկյան, ինչո՞ւ եք վախենում երևույթներն իրենց անունով կոչելուց, ինչո՞ւ բարձրաձայն չեք տալիս այն մարդու անունը, ով այս ամենի հեղինակն ու մեղավորն է, և Դուք գիտեք, թե դա ով է՝ Հասմիկ Պողոսյանը»:

Էմանվել Արաքսման-Մանուկյանն ի պատասխան Արա Պետրոսյանի հորդորներին՝ արձագանքեց.

Կարդացեք նաև

«Ես այն մարդը չեմ, որ վախենում է իր կարծիքը բարձրաձայն և լիովին արտահայտելուց, և, եթե այս իրավիճակի հեղինակը Մշակույթի նախարարությունն է, ապա, շատ ներողություն, ղալաթ է արել այդ նախարարությունը»:

Թեման ելույթի տեսքով շարունակելու ցանկություն հայտնեց նաև համագումարի մասնակից, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը.

«Ամեն անգամ համագումարների ընթացքում մենք շատ լուրջ հարցեր ենք բարձրացնում, և, ցավոք, լուծումների բացակայությունը ոչ թե՝ անկարողության հետևանք է, այլ՝ ամենաթողության: Մի այդպիսի ճանապարհով էլ ես անցա, երբ պետք է լինեի Օպերային թատրոնի գլխավոր ռեժիսոր: Մեկ էլ հանկարծ պարզվեց, որ այդ հաստիքը չկա, գոյություն չունի: Մարդուց ուզում են ազատվեն՝ վերացնում են հաստիքը: Հասկանո՞ւմ եք՝ սա աբսուրդ է: Եվ, որովհետև Կարեն Դուրգարյանից ուզում էին ազատվեին՝ լուծարեցին հաստիքը: Հարց եմ տալիս՝ իսկ ի՞նչ կապ ունի հաստիքը, ո՞նց կարող է Օպերային թատրոնը չունենալ գլխավոր դիրիժոր: Կան նաև շատ ուրիշ նմանօրինակ երևույթներ: Այսօր կա, գոյություն ունի Խորեոգրաֆիկ թատրոն, եթե, իհարկե, դուք գիտեք կամ լսել եք այդ թատրոնի մասին: Տարվա ընթացքում բեմադրում են մեկ ներկայացում, խաղում են 3-5 անգամ: Սա մի թատրոն է, որտեղ անվանումից բացի՝ ուրիշ ոչինչ խորեոգրաֆիայի հետ կապ չունի: Էլ չեմ խոսում այլ խնդիրների մասին, որոնք անձնական բնույթ ունեն՝ կապված ֆինանսական և այլ հարցերի հետ, բայց մենք շարունակ լռում և հանդուրժում ենք այս ամենը, ո´չ այն պատճառով, որ այսպիսի խնդիրների առկայությունը մեզ համար միևնույն է, այլ որովհետև դրանց դեմն առնելու լծակները չկան պարզապես: Մենք չենք կարողանում հարցադրումները դնել անհրաժեշտ հարթության վրա և պահանջել դրանց լուծման ճանապարհները: Երևի պարոն Ղազանչյանը ճիշտ նկատեց, որ չկա օրենք, և մեզ մնում է՝ տակավին միայն արձանագրել այս ցավալի իրականությունը: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել՝ ինչպե՞ս լուծվեց Պետական կամերային երաժշտական թատրոնի հարցը՝ պարզապես վերացավ հաստիքը, և հարցը հարմարեցին լուծված: Եթե խնդիրն Արմեն Մելիքսեթյանի մեջ էր, ուրեմն թատրոնը պետք է չունենա՞ր գլխավոր ռեժիսոր: Ուզում էիք Արմենից ազատվել՝ հաստի՞քն եք վերացնում: Սա ի՞նչ մոտեցում է… ինձ համար սա նոնսենս է: Ես ուզում եմ, ի վերջո, հասկանալ՝ ո՞ւր է այն իրավունքը, որի վրա հենվելով՝ Թատերական գործիչների միությունը ո´չ միայն կբարձրաձայնի, այլ նաև լուծումներ պահանջի՝ ի շահ թատրոնի և արվեստի զարգացման»:

Տեղեկացնենք, որ այսօր տեղի ունեցավ Հայաստանի Թատերական գործիչների միության 16-րդ համագումարը, որի ընթացքում ՀԹԳՄ նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս