Բաժիններ՝

Սամվել Կարապետյանը՝ ռուսական պետական պատվերների խոշորագույն կապալառու

Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի կառույցները 2015թ. կարողացել են ստանալ 52,9 միլիարդ ռուբլու պետական պատվերներ, գրում է ռուսական РБК-ն: Forbes ամսագրի տվյալներով՝ նա Ռուսաստանում պետպատվերների ցուցակում 9-րդ հորիզոնականում է:

«Տաշիր» հոլդինգը ներառում է ավելի քան 200 ընկերություն բիզնեսի տարբեր ոլորտներից՝ դևելոփմենթ, ֆինանսներ, արդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա, ռեթեյլ, ռեստորանային բիզնես ու զվարճանքների ինդուստրիա:

Ինչպես РБК-ի հետ զրույցում պատմել է Կարապետյանի ներկայացուցիչը, խմբի շինարարական ընկերություններին միավորում է անդամակցությունը ««Տաշիր» շինարարական ընկերությունների միություն» ինքնակառավարվող կազմակերպությունում:

Պարբերականը վերլուծել է «Տաշիրի» կազմի մեջ մտնող 181 ընկերությունները: Պարզվել է, որ ցուցակից նվազագույնը 18 ընկերություն կապված է «Տաշիրի» հետ և, դրա հետ միասին, հանդիսանում է պետական պայմանագրերի խոշորագույն ձեռքբերող:

Կարդացեք նաև

«Տաշիրի» ընկերությունների մեծ մասը ղեկավարում են այն նույն մարդիկ, որոնք, դատելով գրանցման հասցեներից, աշխատում են հարևան սենյակներում կամ շենքերում, գրում է պարբերականը:

Նաև նշվում է, որ այդ 18 ընկերություններն ունեցել են «հաղթողներ» կամ «Կնքել են պայմանագրեր» կարգավիճակներ:

Ստացվում է, որ «Տաշիրի» հետ կապված կառույցները կարողացել են 2014 թվականին ստանալ շուրջ 42,5 միլիարդ ռուբլու պետպատվերներ, 2015-ին՝ 52,9 միլիարդ ռուբլու, իսկ 2016թ. առաջին եռամսյակում՝ 20,8 միլիարդ ռուբլու պետպատվերներ՝ 116,2 միլիարդ ռուբլու պետպատվերի աշխատանք։

Նման պորտֆելով Կարապետյանը կարող էր հայտնվել Forbes-ի «Պետպատվերի արքա-2016» վարկանշային աղյուսակի 9-րդ հորիզոնականում: Այդ տեղը ներկայում զբաղեցնում է Իվան Շաբալովը, ում պետպատվերները գնահատվում են 38,1 միլիարդ ռուբլի: Կարապետյանից ու Շաբալովից առաջ է անցել Crocus Group-ի հիմնադիր ադրբեջանցի Արաս Աղալարովը՝ 69,3 մլրդ ռուբլի պետպատվերով:

Կարապետյանը պարբերականի հետ զրույցում խոստովանել է, որ ճգնաժամի պայմաններում իրենք փորձել են ավելացնել պետպատվերի մասնաբաժինը, իսկ թե կոնկրետ ինչ է արել խումբը Ռուսաստանի համար, գործարարը չի հայտնել՝ հաստատելով միայն, թե «Տաշիր» խմբի մեջ մտնող «Կասկադ» հոլդինգը զբաղվում է Մոսկվայի փողոցների բարեկարգման աշխատանքներով:

«Տաշիրի» կայքում ասվում է, որ հասույթը «խմբի հիմնական ուղղություններով» 2015թ. կազմել է 140 միլիարդ ռուբլի: Forbes-ի հաշվարկով՝ նույն տարում «Տաշիրը» վարձակալներից հավաքել է 610 միլիոն դոլար (41,7 մլրդ ռուբլի): Պարբերականի հաշվարկներով՝ ստացվում է, որ պետպատվերները կազմում են «Տաշիր» խմբի հասույթի շուրջ 40%-ը։

2015թ. վերջի դրությամբ՝ «Տաշիրի» ղեկավարման տակ է գտնվել 51 կոմերցիոն անշարժ գույք՝ ավելի քան 2,5 մլն քմ տարածքով: Շինարարության ծավալը կազմել է մոտավորապես 1,5 մլն քմ:

Հիմնական բրենդը «Ռիոն» է, որի անվան տակ Կարապետյանը զարգացնում է առևտրի կենտրոնների ցանցը (ներկայում՝ 21 համալիր 17 քաղաքներում):

Forbes-ը գործարարի կարողությունը գնահատում է 3,1 միլիարդ դոլար (28-րդ տեղը Ռուսաստանի ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում):

Կարապետյանի ծանոթները Կալուգայից, որտեղ նա սկսել է իր բիզնեսը, «Տաշիրը» բնորոշում են՝ որպես «փակ շրջանի» կազմակերպություն՝ ինքն է արտադրում նյութերը, կառուցում անշարժ գույքը, մատակարարում էլեկտրաէներգիա, հետո դրանք վարձով տալիս իր իսկ կինոթատրոններին ու սրճարաններին:

««Տաշիրում» կարելի է հայտնվել՝ միայն դառնալով կորպորացիայի մաս»,- ասել է Կալուգայի շինարարական ընկերություններից մեկի սեփականատերը:

«Ինչո՞վ է դա լավ: Սամվելն ինքնաբավ է, նա ունի և՛ էներգետիկա, և՛ շինարարություն, և ամեն-ամեն ինչ: Նա փաթեթային մոտեցում է ցուցաբերում ու ոչ ոքից կախում չունի, ամեն ինչ կարող է ինքնուրույն անել»,- ասում է Կարապետյանի վաղեմի ընկերը՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս