«Սերժ Սարգսյանը չեզոքացրեց ռուսական մամուլի բոլոր խեղաթյուրված հրապարակումները». Տարասով
«Հայաստանի ստանձնած դիրքորոշումն արդարացված է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով վերջին օրերին ռուսական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնցում անուղղակի դժգոհություններ են արտահայտվում Հայաստանի դիրքորոշումների առնչությամբ:
Մասնավորապես, ռուսական «Կոմերսանտը» գրել էր, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու ռուսական ջանքերը տապալվում են հայկական կողմի դիրքորոշման պատճառով: Հիշեցնենք, որ օրերս ամերիկյան «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, թե Հայաստանի համար «խելամիտ» չէ վերադարձն Ադրբեջանի հետ վիճելի տարածքների շուրջ խաղաղ բանակցություններին՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այժմ միանգամայն տարբեր է»:
«Մի կողմից՝ մենք ինչ-որ մի տեղ կբանակցենք, մյուս կողմից՝ ռազմական պաշտոնյաները կներգրավվեն պատերազմի մեջ՝ փորձելով կարգավորել հակամարտությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Վերջինս հիշեցրել էր նաև Կազանում կայացած բանակցությունների մասին՝ տեղեկացնելով, որ հայկական կողմը պատրաստ էր զորքերը դուրս բերել հինգ շրջանից, սակայն Ադրբեջանը նոր պայմաններ առաջադրեց: Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը ճիշտ չի ներկայացվում, ավելին, նրա որակմամբ՝ խեղաթյուրվում է:
Նա հիշեցրեց ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ ռուսաստանյան ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները «կրեմլյան աղբյուրներին» հղումներով, թե «Երևանը պատրաստ է քննարկել օկուպացված տարածքները վերադարձնելու հարցը», և, որ «Ռուսաստանի նախագահը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ ինտենսիվ բանակցությունները վերականգնելու նպատակով», որի հաջողության դեպքում «ԼՂ հակամարտության կարգավորման նախաձեռնությունն արևմտյան միջնորդներից կանցնի Մոսկվային», թե Կազանյան փաստաթուղթն է քննարկվելու:
«Այնինչ բանակցային գործընթացը պարզապես խեղաթյուրված է ներկայացվում, որպեսզի Երևանը երևա՝ որպես լարվածության մեջ հետաքրքրված կողմ, քանի որ, իբրև թե չի ընդունում «Լավրովի պլան» կոչվածը կամ Կազանի փաստաթուղթը և ձգտում է լարվածության: Այս թեզերն ակտիվ կերպով տիրաժավորվեցին նաև Բաքվում: Բայց դրանք Սերժ Սարգսյանը չեզոքացրեց` ասելով, որ 2011թ. Կազանում հայկական կողմը պատրաստ էր 5 շրջանների վերադարձին, այնինչ ադրբեջանական կողմը նոր պայմաններ առաջադրեց: Իսկ ներկայումս ՀՀ նախագահը հայտարարում է, թե չի պատրաստվում վերադառնալ բանակցություններին, քանի որ իրավիճակն այսօր բոլորովին այլ է, ինչը ճիշտ է, և այդ մոտեցումն արդարացված է:
Այս դեպքում անելիք ունեն Մինսկի խմբի համանախագահները, որոնք պետք է առաջ մղեն վերահսկողական մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, ինչի համար էլ Հարավային Կովկասում էր եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Արլեմ Դեզիրը, ով Երևանում ներկայացրեց Ֆրանսիայի պատրաստակամությունը նման մեխանիզմ ներդնելու հարցում»,- ասաց Տարասովը: