«Ադրբեջանցիներին թվում է, թե միայն հայը կարող է դատարանում գործել Բաքվի դեմ». Ամալ Քլունի

«Մի՞թե հարկավոր է պարտադիր հայ լինել՝ պաշտպանելու համար Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցը»,- BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է հայտնի փաստաբան Ամալ Քլունին, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացնելու է ադրբեջանցի ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը:

«Ադրբեջանի կառավարամետ ԶԼՄ-ների կողմից իմ դեմ ձեռնարկվող հարձակումների ողջ իմաստը հետևյալն է՝ եթե ինչ-որ մեկը գործ է վարում Ադրբեջանի դեմ, ուրեմն հաստատ պետք է հայկական ծագում ունենա: Դա պարզապես ծիծաղելի է: Գիտեք, ես դատարաններում ներկայացրել եմ բազմաթիվ երկրների շահեր, օրինակ՝ Կամբոջայի կամ նույն Հայաստանի: Այդ ամենը, սակայն, ոչ մի կապ չունի ազգային պատկանելության հետ: Ազգությունը ոչ մի նշանակություն չունի»,- հայտարարել է Ամալ Քլունին, ում խոսքերը մեջբերում է «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությունը:

Ինչ վերաբերում է Խադիջա Իսմայիլովայի գործին, ապա Ամալ Քլունին բացատրել է, թե ինչու է համաձայնել զբաղվել այդ գործով:

«Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է, սակայն դիմում է այդպիսի աղաղակող քայլերի՝ ազատազրկելով լրագրողին, որպեսզի նա չկարողանա ասել ճշմարտությունը: Դա ինձ պարզապես վրդովվեցրեց, ու ես սկսեցի մտածել, թե ինչ կարող եմ անել նրան օգնելու համար»,- ասել է ճանաչված փաստաբանը:

«Խադիջա Իսմայիլովան, երևի թե, մինչ օրս ազատազրկության մեջ գտնվող ադրբեջանցի ամենահայտնի քաղբանտարկյալն է»,- հավելել է նա:
Հայտնի է, որ նա և Նանի Յանսենը կներկայացնեն Իսմայիլովայի շահերը ՄԻԵԴ-ում, որտեղ մոտ ժամանակներս կկայանան գործով լսումները:

Հիշեցնենք, որ «Ազադլիգ» («Ազատություն») ռադիոկայանի լրագրողին Բաքվի դատարանը մեկուկես տարի առաջ դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման:
Լրագրողին մեղավոր են ճանաչել զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու իշխանությունը չարաշահելու մեջ: Անձամբ լրագրողը պնդում էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն են:

Լրագրողը ձերբակալվել է 2014թ. սեպտեմբերի 5-ին Բաքվի օդանավակայանում Թբիլիսիից վերադառնալիս:

Խադիջա Իսմայիլովան մշտապես եղել է Ադրբեջանի կառավարության թիրախում իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ բացահայտել է Ադրբեջանի իշխանական վերին օղակներում կաշառակերությունն ապացուցող փաստեր:
Միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատել վերջինիս՝ նրան անվանելով «խղճի բանտարկյալ», սակայն Բաքուն անտեսում է կոչերը:

Տեսանյութեր

Լրահոս