«Տան մյուս կողմը» ֆիլմի պրեմիերան՝ Լոս Անջելեսում
Գլենդելի MGN Five Star Cinema-ում կայացել է ամերիկաբնակ հայ ռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
Պրեմիերային ներկա են եղել ամերիկյան կինոհամայնքի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ՝ դերասանուհի Նենսի Տրավիսը, պրոդյուսերներ Ռոբ Ֆրիդը, Վալերի Մկրտումյանը, կինոօպերատոր Ջեֆ Դոլենը, գործադիր պրոդյուսերներ Իլիանա Գուևարան, Քրիստինե Մալավենդան, կոմպոզիտոր Շերի Չունգը և այլք:
Երևանում ծնված ռեժիսոր Նարե Մկրտչյանը Լոս Անջելես է տեղափոխվել 15 տարի առաջ: Սովորելով համաշխարհային կինոյի ներկայացուցչական դպրոցներից մեկում՝ USC School of Cinematic Arts հանրահայտ կինոդարբնոցում, Նարե Մկրտչյանն այս տարիների ընթացքում նկարահանել է ավելի քան 60 կարճամետրաժ ֆիլմ:
Որպես պրոդյուսեր՝ Նարե Մկրտչյանն աշխատել է ժամանակակից կինոյի ներկայիս հայտնի շատ դեմքերի՝ Քլորիս Լիչմենի, Լոկլին Մունրոյի, Մարկ Բոոնենի, Էդ Անսերի, Ֆլորենս Հենդերսոնի, Քևին Սորբոնի և այլոց հետ:
«Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմը մարդկային զգայացունց մի պատմություն է հայ ռեժիսորի և թուրք կնոջ՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին տեղի ունեցած մի ճամփորդության մասին դեպի Հայաստան և Թուրքիա: Նրանք մարդիկ են, որոնց հոգեբանության, հոգեկերտվածքի, ինքնության և մտածողության վրա Ցեղասպանությունը թողել է իր խորը ազդեցություններն ու հետքերը։
«Ցեղասպանությունը մինչև այսօր իր խորը և բազմակողմ ազդեցությունն է թողել մեզ վրա: Ցեղասպանությունները չեն ավարտվում։ Ցեղասպանությունների ազդեցությունները մնում են շատ երկար և անցնում սերնդեսերունդ»,- ասել է Նարե Մկրտչյանը։
Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են 2015 թվականին՝ Թուրքիայում և Հայաստանում:
Նարե Մկրտչյանի թրքուհի հերուսուհին, որ համարձակություն է ունեցել Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նախորդած օրերին գնալ Երևան, իր ողջ կյանքն ապրել է՝ որպես թրքուհի, մինչ այն պահը, երբ իմացել է, որ իր մեծ մայրը հայուհի է: Նա թաքցրել է իր ինքնությունը, բայց նրա ներսում միշտ կռվել են Ցեղասպանություն ապրածն ու Ցեղասպանություն ժխտողը: Նա խորը ապրումներով և հակասական հույզերով բարձրանում է Ծիծեռնակաբերդ: Հայկական արմատներով թրքուհուն հետևում է հայ ռեժիսորը, ով ծնվել է Ցեղասպանությունից շատ հետո, Ցեղասպանությունը վերապրածների գերդաստանում: Նա նույնպես իր հակասական զգացումներն ունի, իր պայքարը ներսում, ու թեև սերունդներ անց՝ իր վրա կրում է Ցեղասպանության հետևանքները՝ մտածողության, ընկալումների, զգայականության տեսքով:
Ֆիլմի ցուցադրությունը MGN Five Star Cinema-ում շարունակվելու է մինչև ապրիլի 28-ը:
Անի Սահակյան