«Հիշում եմ և պահանջում». այս երկու բառում կա անցյալի ու ապագայի պատմություն. Հերմինե Նաղդալյան

Նաղդալյանը ելույթ է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում.

««Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հերթական գլոբալ ֆորումի անցկացումը եւս մեկ անգամ վկայում է, որ ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ մեծագույն եւ ծանրագույն հանցագործություն, վաղեմության ժամկետ չունի: Մանավանդ աշխարհը դեռեւս պարտք ու ասելիք ունի այդ հանցագործության վկաներին` նախեւառաջ հայոց ցեղասպանությունը վերապրածներին, հոգու եւ սրտի ասելիք, արդարության ու ճշմարտության պարտք: Անկախ նրանից, թե ինչ տեսքով եւ որ` իրավական, թե բարոյական դաշտում պետք է վերադարձվի այդ պարտքը, անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ լեզվով պետք է հնչի հոգու եւ սրտի խոսքը, միեւնույն է, արդարությունը պահանջում է, ժամանակը` պարտադրում:

Հարգելի բարեկամներ,

ցեղասպանության վկաները կենդանի հիշողություն են` կապված առաջին հերթին 1915 թվականին տեղի ունեցած հայոց ցեղասպանության, դրա անպատժելիությունից ծնված հաջորդ`Հոլոքոստի, Ռուանդայի, Դարֆուրի, հիմա նաև՝ Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ցեղասպանությունների հետ, եւ կենդանի հիշեցում` ցեղասպանությունների անթույլատրելիության ու պատժի անխուսափելիության մասին: Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված եւ իրականացված ցեղասպանությունից հրաշքով փրկված, բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ նահատակների սերունդներն այսօր ապրում են բոլոր մայրցամաքներում՝ որպես տարբեր երկրների քաղաքացիներ` ԱՄՆ-ից Կանադա, Բրազիլիայից Արգենտինա եւ Ուրուգվայ, Իտալիայից մինչեւ Ռուսաստան եւ Հնդկաստան, Ֆրանսիայից մինչեւ Ավստրալիա եւ Սինգապուր, Եգիպտոսից մինչեւ Երուսաղեմ ու Քուվեյթ, Սիրիայից մինչեւ Իրան եւ Իրաք ու այլուր: Մինչդեռ նրանք պիտի ապրեին իրենց ծննդավայրում՝ սեփական հողի վրա, 1915 թվականին իրենց եւ բախտակից ժողովուրդների` ասորիների, եզդիների, հույների հանդեպ իրականացված ցեղասպանության հետեւանքով նրանք զրկվեցին հայրենիքից:

Հարգելի բարեկամներ,

ցեղասպանության վկաների հիշողության դաշտն աստիճանաբար ավելի ընդգրկուն է դառնում` շնորհիվ այն երկրների ու կառույցների, որոնք քաղաքական ու քաղաքացիական խիզախություն եւ պատասխանատվություն են դրսեւորում` ճանաչելով եւ դատապարտելով հայոց ցեղասպանությունը, որոնք գիտակցում են, որ 20-րդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցագործության չդատապարտումով ճանապարհ է բացվում նոր ցեղասպանությունների համար: Ցեղասպանության` որպես մարդկության դեմ հանցագործության դատապարտումը պետք է դառնա պարտք ու պատասխանատվություն քաղաքակիրթ մարդկության համար, բայց նախևառաջ՝ Թուրքիայի, որ այսօր նույն ձեռագրով փորձում է լուծել քրդերի հարցերը:

Ես չեմ կարող չխոսել նաև ապրիլյան ագրեսիայի մասին, որ սկսեց Ադրբեջանը: Դիվանագիտական ասպարեզում ձախողվելով՝ Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով փոխել ստատուս քվոն տարածաշրջանում, նպատակ ունենալով հասնել Ստեփանակերտ և պայմաններ թելադրել բանակցություններում: Ի՞նչ ստացվեց՝ գիտեք բոլորդ: Ադրբեջանը ոչ միայն տանուլ տվեց իր բլից կրիգը, այլև՝ ձախողվեց քաղաքական ու դիվանագիտական հաշվարկներում: Նաև հասցրեց իր ժամանակի մեջ չփոխվող «ստորագրությունը» թողնել այն տարածքներում, որոնց ընդամենը մի քանի ժամով էր տիրել: Ադրբեջանական բանակի եւ նրա կազմում կռվող վարձկանների ձեռքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության, այդ թվում` երեխաների ու ծերերի սպանությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորների խոշտանգումներն ու անարգումները, ընդհուպ մինչեւ անդամահատում: Սա ձեռագիր է, որն անպատժելիությունից ոգեւորված, սկիզբ է առնում 1915 թվականից` Օսմանյան Թուրքիայից եւ շարունակվում մեր օրերում: Ադրբեջանն իրեն հավասար հարթության մեջ դրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, որի դեմ պայքարում է ամբողջ աշխարհը:

Հարգելի բարեկամներ,

Այս տարի առաջին անգամ ամբողջ աշխարհի հայ առաքելական եկեղեցիներում ապրիլի 24-ին չի հնչելու հիշատակի պատարագ: Անցյալ տարի ցեղասպանության նահատակների սրբադասումից հետո հայ առաքելական եկեղեցին այլևս կատարելու է ոգեկոչումի աղոթք և դա ոչ միայն եկեղեցական ծիսակատարության փոփոխություն է: Վստահեցնում եմ, որ ամենակարևոր ձեռքբերումը՝ մենք դադարել ենք հայոց ցեղասպանությանը վերաբերվել որպես ողբերգություն, որ մեզ ստիպում է ապրել սպանվածի, բռնաբարվածի ու կողոպտվածի, ունեզրկվածի բարդույթով: Հայաստանի Հանրապետությունը, որ այս տարի սեպտեմբերին նշելու է իր անկախության 25 տարին, այլևս պետական մակարդակով հնարավորություն տվեց խոսել պահանջատիրության մասին, հնարավորություն տվեց հաղթահարել ցեղասպանվածի բարդույթը ու խոսել վերածնվածի ձայնով: Ու դա լավագույն պատասխանն է անցյալ, ներկա ու ապագա բոլոր թալեաթներին, էնվերներին ու ջեմալներին:

Այս ֆորումում մենք խոսում էինք ոչ միայն ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի գործունեության մասին, այլև աշխարհի բոլոր ցեղասպանությունների պարտադիր հետևանք՝ փախստականների: Ո՞վ, եթե ոչ հայերս իրական ասելիք ունենք այս թեմայով: Հարյուր տարի ու ավելի: Ես չեմ կարող չանդրադառնալ Սիրիայի պատերազմից հայրենիքում ապաստանած մեր հայրենակիցներին: Նրանք, որ հարյուր տարի առաջվա ցեղասպանության վերապրածների ժառանգներն էին, հարկադրված էին նորից գաղթել՝ թողնելով իրենց երկրորդ հայրենիք դարձած Սիրիան, տունն ու աշխատանքը, շատերը՝ հարազատներին, ու ապաստան որոնել Հայաստանում: Երբ սիրիական պատերազմի անմիջական մասնակից Թուրքիան Եվրամիության հետ քաղաքական առևտրի ու շանտաժի հարց է դարձնում փախստականներին, հազար անգամ նվազ հնարավորություններ ունեցող Հայաստանը ընդունում ու առանց բարձրագոչ հայտարարությունների հնարավորինս բնակարանով ու աշխատանքով ապահովում է սիրիացիներին՝ նրանց համարելով ոչ թե փախստական, այլ՝ հայրենակից, յուրային, հարազատ, որ դժվարին վիճակում է:

Անցյալ տարի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, իրապես համահայկական փաստաթուղթ, որ ոչ միայն ամփոփում էր անցած հարյուրամյակում ցեղասպանության գիտակցման, ճանաչման ու դատապարտման անցած ճանապարհը, այլև ձևակերպում էր մեր անելիքները: Տարողունակ ու համապարփակ այդ փաստաթղթին անդրադառնալով՝ մենք այսօր կարող ենք փաստել, որ շարժվել ենք համահայկական Հռչակագրի ուղենիշներով ու ունենք հաջողություններ, նշեմ միայն, որ Հայաստանի շնորհիվ ՄԱԿ-ում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց ցեղասպանությունների դեմ կանխարգելման և ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության միջազգային օր: Բայց ճանապարհը շարունակվում է և կարևորագույն հարցերը դեռ սպասում են իրենց լուծման ժամանակին: Մենք տերն ենք «Հիշում եմ պահանջում» կարգախոսի, հանուն առավել հզոր Հայրենիքի` ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության, անկախ Արցախի առաջընթացի ու զորացման, աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման, համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման: Ես վստահ եմ, որ մանուշակագույն մեր անմոռուկներն աշխարհին այսօր ասում են ավելին, քան՝ անցած տարի, և եկող տարի ասելու են ավելին՝ քան հիմա, որովհետև մենք բոլորս համատեղ անում ենք մի կարևոր աշխատանք, որի արդյունքները ավելի տեսանելի է դարձնելու ժամանակը:

Շնորհակալ եմ ֆորումի բոլոր մասնակիցներին և հավարտ ուզում եմ բոլորից անունից վկայել՝ «Հիշում եմ և պահանջում»՝ վստահ, որ այս երկու բառը միայն կարգախոս չեն, այս երկու բառում կա անցյալի ու ապագայի պատմություն»:

 

Տեսանյութեր

Լրահոս