
ANSEF շահառու գիտնականների այցը Բյուրական

Ապրիլի 22-ին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հյուրընկալեց Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի դրամաշնորհին արժանացած գիտնականներին: Հյուրերն այցելեցին աստղադիտարանի խոշորագույն` 2.6մ աստղադիտակ, հանդիպում ունեցան ԲԱ փոխտնօրեն Արեգ Միքայելյանի հետ, լսեցին զեկուցում Վիկտոր Համբարձումյանի, Բյուրականի աստղադիտարանի գործունեության, ժամանակակից աստղագիտության նվաճումների և Հայաստանում միջճյուղային գիտությունների զարգացման մասին:
Առաջարկվեց նաև գիտական հիմնարկները ներկայացնել տուրիզմի տեսանկյունից: Փոխադարձ կապերն ամրապնդելու և հնարավոր համագործակցություն հաստատելու նպատակով դրամաշնորհի հաղթողները հակիրճ ներկայացրեցին իրենց և իրենց նախագծերը:
Քննարկվեց գիտական բնույթի վայրերի այցելությունների փաթեթների մշակման տարբերակները և հյուրերին Հայաստանը ներկայացնելու գիտական մոտեցումները: Ընդունելության նպատակն էր Հայաստանում ամրապնդել միջճյուղային գիտությունների համագործակցությունը: