Բեգլարյանն ընտրել է ոչ թե էժան, այլ ամենաթանկ տոմսերը. «Հայկական Ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը իր օգնական Աշխեն Մկրտչյանի հետ փետրվարի 22-ին 4 օրով մեկնել է Բարսելոնա։ Երևան-Մոսկվա-Բարսելոնա-Մոսկվա-Երևան 2 ավիատոմսի համար ՏԿ նախարարությունը վճարել է 1.320.000 դրամ։

Մինչդեռ եթե վաղը հետադարձով Բարսելոնայի 4-օրյա ուղևորության էկոնոմ դասի տոմս գնենք, այն կարժենա 413-468 եվրո կամ 230-250 հազար դրամ։ Գրեթե նույն գներն են նաև տուրիստական ամենաթեժ օրերին։ Հիշեցնենք, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նախարարներին խիստ զգուշացրել էր պետական գումարները չվատնել և գնել միայն էկոնոմ դասի տոմսեր։ Վաղվա համար բիզնես դասի տոմսը արժի 720-1220 եվրո կամ 400-665 հազար դրամ։

Այսինքն, Բեգլարյանի գնած տոմսի գինը համապատասխանում է բիզնես դասի արժեքին, մինչդեռ կառավարության կայքում նշված է, որ գնվել է էկոնոմ դասի ավիատոմս։ ՏԿՆ-ի պարզաբանումը ցնցող էր. «Գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ավիատոմսերը ձեռք բերելու համար հայտարարվում է մրցույթ և հաղթող է ճանաչվում ամենացածր առաջարկ ներկայացրած մասնակիցը։ Ձեր նշած գումարի չափը ևս ձևավոովել Է մրցույթի արդյունքում»։

Այսինքն` նախարարությունն այս հարցում 2 անգամ խաբում է: Բեգլարյանն ընտրել է ոչ թե էժան, այլ ամենաթանկ տոմսերը, և տոմսերը գնելու համար մրցույթ չի հայտարարվել։ Կառավարության կայքի համաձայն այն ձեռք է բերվել «մեկ անձից կատարվող գնումներ» տարբերակով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս