Բաժիններ՝

«Մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեցող լրատվամիջոցներն առավել պասիվ էին նաև ղարաբաղյան դեպքերի լուսաբանման առումով». Բորիս Նավասարդյան

«Առավել մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեցող լրատվամիջոցներն առավել պասիվ էին նաև հայտնի ղարաբաղյան դեպքերի լուսաբանման առումով՝գոնե առաջին 1-2 օրվա ընթացքում, երբ ամենակարևորն էր, որպեսզի մեր հասարակությունն օպերատիվ ինֆորմացիա ստանար՝ ինչ է կատարվում ռազմաճակատում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով, եթե չլիներ որոշ անհատ լրագրողների էնտուզիազմով աշխատանքը, միգուցե  անորոշությունը, տագնապը երկրում, մի քիչ խուճապային իրավիճակն ավելի խորը լիներ, քան եղավ: Բ. Նավասարդյանի կարծիքով՝ դա այն բանի արդյունքն է, որ այդ մենաշնորհացված ընկերությունները տեղեկատվական, քաղաքական տիպի հաղորդումները չեն համարում առաջնայնություն իրենց գործունեության մեջ:

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանում որպես հեռուստատեսային արտադրանք առաջնային տեղում սերիալներն են և զվարճալի տարբեր տեսակի հաղորդումները, որոնք, բնականաբար, իրենց տեղն ունեն շուկայում, բայց երբ իրենք զբաղեցնում են նաև օպերատիվ տեղեկատվության և քաղաքական վերլուծությունների տեղը, դա երկրի նույնիսկ տեղեկատվական անվտանգության համար որոշակի վտանգ է առաջացնում»,-նշեց Բ. Նավասարդյանը:

«Արմենիա» հեռուստաընկերության լրագրողը հարց բարձրացրեց, թե արդյոք այն, որ հեռուստաընկերությունները լավ չեն աշխատել պատերազմական իրավիճակում, վերաբերվո՞ւմ է նաև «Արմենիա» հեռուստաընկերությանը: Ի պատասխան՝ Բ. Նավասարյանն ասաց, որ ինքը նկատի ունի համարյա բոլոր հեռուստաընկերություններին՝ 1-ին, և մասամբ նաև 2-րդ օրվա ընթացքում: Նրա խոսքով՝ ամսի 3-ի օրվա վերջում և ամսի 4-ին, 5-ին, բոլորն արդեն փորձել են նախորդ օրերի իրենց բացթողումները կոմպենսացնել:

Կարդացեք նաև

Լրագրողի ճշտող հարցին՝ Դուք հետևե՞լ եք «Արմենիա» հեռուստաընկերության թողարկումներին այդ օրերի ընթացքում, Բ. Նավասարդյանը պատասխանեց, որ ինքը, բնականաբար, հետևել է բոլոր ընկերություններին. «Դրա համար, երբ ես ասում եմ, որ չեմ տալու լրատվամիջոցների անունները, ես նկատի ունեմ, որ ամբողջական դաշտը՝ 9 համապետական ծածկույթի հեռուստաալիք ունենալու դեպքում, լինեն ընդամենը 2 կամ 3 հեռարձակվող, որոնք կատարում են իրենց ֆունկցիան, դա շատ քիչ է: Եթե խոսքը գնում է կոկրետ ձեր հոլդինգին, ապա «Արմենիան» պարտավոր է ավելի ակտիվ լինել, քանի որ ձեր հոլդինգում անհետացել է 24-ժամյա տեղեկատվական լուսաբանում ապահովող հեռուսատաընկերությունը և հակառակ իր լիցենզիայի պայմանների՝ ինքը դարձել է ընդհանուր ուղղվածության հեռուստաընկերություն՝ խոսքը «Արմնյուզի» մասին է, և, բնականաբար, այն թիմը, որը տեղափոխվել է «Արմնյուզից»՝ «Արմենիա», գոնե մասամբ պետք է փոխհատուցեր օրենքի այդ խախտումը»:

Լրագրողի հարցին էլ՝ դուք ասում եք, որ չեք ուզում հեռուստաընկերությունների անուններ տալ, բայց  արդեն տվել եք անուն և ասել եք, որ «Երկիր Մեդիան» ավելի լավ էր աշխատում, գուցե պատճառն այն է, որ դուք «Երկիր Մեդիայում» հաղորդո՞ւմ ունեք, Բ. Նավասարդյանն այսպես արձագանքեց. «Չէ, պատճառն այն է, որ «Երկիր Մեդիան», կարծես թե, միակն էր, որ առաջին օրվանից կես ժամը մեկ նորություններ էր տալիս, ես առանձնացրել եմ այն հեռուստաընկերությունը, որն առավել արագ էր, որովհետև մարդիկ կարիք ունեին բավականին օպերատիվ ինֆորմացիայի: Կարծում եմ՝ կեսժամյա ֆորմատը տվյալ դեպքում ամենաճիշտ ֆորմատն էր»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս