«Ղարաբաղում խաղաղապահ առաքելության մասին խոսելը շատ վաղ է». ռազմական փորձագետ
«Պետք է նվազեցնել լարվածությունը, այլապես այն նոր թափով կբռնկվի Ղարաբաղում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ մեկնաբանելով ԼՂ հակամարտության կարգավորման «Լավրովի ծրագիրը», որը, ըստ ռուսական մամուլի՝ ենթադրում է տարածքների վերադարձ Ադրբեջանին և ռուս խաղաղապահ ուժերի տեղակայում Ղարաբաղում։
Եվսեևն ասաց, որ մամուլում տարբեր անվանումներ ստացած պլաններ են քննարկվում, որոնք իրականության հետ որևէ առնչություն չունեն: Ըստ նրա` քառօրյա սուր լարվածությունը Ղարաբաղում և բանակցային ձևաչափի անարդյունավետությունն այդ օրերին ստիպում է ռուսական կողմին, որը լավ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, միջամտել և կողմերին կարգավորման հանգեցնել: «Տարբեր ծրագրեր են քննարկվում: Սակայն, ըստ իս, խոսքը Կազանի փաստաթղթի նման որևէ փաստաթղթի մասին է, որոնք էականորեն չեն տարբերվում Մադրիդյան սկզբունքներից, այսինքն` դրանք ենթադրում են երկկողմանի զիջումներ` մի շարք շրջանների վերադարձ-անկախության ճանաչում: Այդ մասին Երևանում խոսեց նաև ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը»,- ասաց Եվսեևը` վստահեցնելով, որ որևէ նոր առաջարկ չկա ռուսական կողմից:
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների տեղակայման մասին ռուսական հնարավոր առաջարկին` փորձագետն ասաց, որ այս պահին ընդհանրապես խաղաղապահ առաքելության մասին խոսելը վաղ է:
«Խաղաղապահների տեղակայում, ընդ որում՝ միջազգային խաղաղապահ առաքելություն, պետք է իրականացվի միայն խաղաղ պայմանագրի կնքումից հետո, իսկ այսօր մենք դեռ հեռու ենք նման իրավիճակից: Այս պահին ռուսական կողմը խնդիր ունի՝ իջեցնել լարվածությունը, քանի որ դա չանելու դեպքում նորից են նման բռնկումներ լինելու»,- պարզաբանեց Եվսեևը:
Նա համոզված է, որ կողմերը պետք է համաձայնեն ԵԱՀԿ դիտորդական առաքելության շփման գծում, որը թույլ կտա հստակ արձանագրել խախտումները: «Այսինքն` սա, բացի տեղեկատվական աջակցությունից, թույլ կտա վերահսկողական գործառույթ իրականացնել, կողմերը չեն համարձակվի լարվածություն սկսել»,- նկատեց նա: