
«Հարցը նորից բերում եք կառավարության նիստին: Նպատակն ի՞նչ է՝ որ հետո այստեղ մերժե՞նք». Հովիկ Աբրահամյանը՝ Լևոն Մկրտչյանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում» և այլ ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների օգտագործման ուղղությունները հաստատելու մասին նախագիծը:
Լևոն Մկրտչյանն ասաց, որ հաշվի առնելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտողությունը՝ երկու օր ժամանակ են խնդրում՝ ֆինանսների նախարարության հետ աշխատելու համար, քանի որ հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ կան:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Մեկ անձի մասին մենք պայմանավորվել ենք, այդ թեման չպիտի քննակենք: Մեր լիմիտն ավարտված է: Ֆինանսների նախարարությունը նախանցած նիստին ներկայացրեց նույն խնդիրը… Հարցը նորից քննարկման եք ներկայացնում կոմիտե, բերում եք կառավարության նիստին: Նպատակն ի՞նչ է՝ որ հետո այստեղ մերժե՞նք»:
Լևոն Մկրտչյանի պարզաբանմանն էլ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, որ հնարավորություն չունեն: «Բանակցայինի ձևով կանենք»,- ասաց Լևոն Մկրտչյանը: